ԱԱԾ-ն երկու բան է խնդրել Սուրեն Պետրոսյանին․...

Երեկ Տավուշը հանուն հայրենիքի շարժման մասնակից Սուրեն Պետրոսյանը հանդես եկավ հարցազրույցով։ Պետրոսյանն այդպես էլ չհաստատեց իրեն առևանգելու լուրը, որը տարածել էին իր պաշտոնական էջով և իր ընկերները։ Նա նաև չհամարձակվեց անվանել կառույցը, որի աշխատակիցները իրեն տարել են Հրազդան և շատ երկար զրույց են ունեցել։ Միայն ասաց, որ խոսակցության ընթացքում ինքն իրեն տանողներին անվանել է Շատ վախենալու կառույցի աշխատակիցներ, որի հետ նրանք գլխով նշան անելով համաձայնել են։

Թե ինչու է Սուրեն Պետրոսյանի համար ԱԱԾ-ն շատ վախենալու կառույց՝ դեռ հասկանալի չէ, բայց մեզ հայտնի է դարձել որոշ մանրամասներ։ Ենթադրաբար ԱԱԾ աշխատակիցները երկու բան են խնդրել/պահանջել Սուրեն Պետրոսյանից՝  հրապարակային հաստատել իշխանությունների կողմից հրապարակ նետված ձայնագրությունների իրական լինելը (նպատակը ընդդիմադիր տարբեր խմբերի մեջ անհաշտություն մտցնելն է), հրապարակային հայտարարել, որ շարժման հետևում կանգնած են Ռոբերտ Քոչարյանը, Դաշնակցությունը, իսկ ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը համակարգել է գործընթացը։ Այս կերպ իշխանությունները նպատակ ունեն երկու ամիս շարունակ իրենց կողմից գեներացվող կեղծ լուրերը հաստատել՝ հենց շարժման մասնակցի բերանով։ 

Ասուլիսը հենց դրա համար է հրավիրված եղել, բայց ընթացքում հասկանալով, որ լրատվամիջոցները հեշտ ու հանգիստ թույլ չեն տալու կեղծիքի տարածումը, որոշում է կայացվել չեղարկել ասուլիսը, փոխարենը Պետրոսյանը կհայտնվի իրեն լոյալ լրատվամիջոցի եթերում։ Երեկվա հարցազրույցում Պետրոսյանը ԱԱԾ-ի առաջին խնդրանքը կատարել է, երբ քննարկման առարկա է դարձրել իշխանությունների դաշտ նետած ձայնագրությունները, որով առնվազն իր համար արժանահավատ է համարել այդ ձայնագրությունները, այն դեպքում, երբ ընդդիմությունն ու մասնավորապես ՀՅԴ-ն հերքել են դրանց իսկությունը։ 

Ըստ եղած լուրերի, իշխանությունները գոհ են Պետրոսյանի երեկվա հարցազրույցից, իսկ եթե հրապարակային կարողանա խոսել շարժման հետևում իբր Քոչարյանի և ՀՅԴ-ի կանգնած լինելու մասին՝ նրա համար լայն հնարավորություններ կբացվեն, ինչպես բացված են Արման Բաբաջանյանի և Արամ Զավենիչի համար։

Հ․Գ․ Փորձեցինք այս հարցերի վերաբերյալ խոսել Սուրեն Պետրոսյանի հետ, բայց նրա հետ կրկին կապ հաստատել չհաջողվեց։ Հուսանք ինքը մեզ հետ կապ կհաստատի և կգա մեր տաղավար։