
Իրեն Արցախի նախագահի թեկնածու հայտարարած Վիտալի Բալասանյանն օրերս Արցախի «Արդարություն» կուսակցության արտահերթ համագումարում ելույթով հանդես եկավ։ Վիտալի Բալասանյանի ելույթն այնքան արտառոց էր և հակաժողովրդավարական, որ քննադատության կարիք չի զգում։
Խոսելով բազմազավակ ընտանիքների մասին Վալասանյանն ասել է․ «Ես ձեզ խնդրում եմ՝ մի քանի հոգով գնացեք ծննդատան կոնսուլտացիա, թաքուն նայեք, թե մեր հղի կանայք, ապագա մայրերը ինչ հագուկապով են գալիս: Եթե ձեզնից յուրաքանչյուրն այնտեղ բժիշկ լինի, կընդունի՞, թե՞ չի ընդունի: Այսօր բժիշկը չի որոշում, որ ասի՝ աղջիկ ջան, հարս ջան, քո հագուկապը սա պետք է լինի, սննդամթերքը սա պետք է լինի: Ոչ թե չինական շալվարները հագնեք, երեխան ներսում ծալված, գնաք կոնսուլտացիայի: Նաեւ ուսումնասիրեք մեր ծնված երեխաների վիճակը: Տեսեք, թե մայրը, որ ապագա է ծնում, արդյոք այս երկրին, այս ընտանիքին դա պետքական է լինելու:
7, 8, 10 երեխա ունեցող ընտանիքների երեւի մեկ տոկոսում է, որ նորմալ երեխաներ են ծնվում: Էդ ընտանիքները ապրում են աղքատության մեջ, շատ երեխաներ են ունենում, որ բնակարան ստանան, երեխաների նպաստներով ընտանիք գոյատեւի: Ապրում են սրա-նրա դուռը ծեծելով: Մենք էլ ուրախ-ուրախ ասում ենք՝ տարեկան 100 հոգի ավելի շատ է ծնվում: Մենք պետք է օգնենք 1-ին երեխան ծննդաբերի, 3-րդ երեխան ծննդաբերի, բայց 4-րդ, 5-րդ-ի դեպքում էդ մարդիկ պետք է ասեն՝ ունենք այսքան պայմաններ, մի մահճակալ էլ ավելացնում ենք: Մեզ առողջ սերունդ է պետք, մեզ պետք չի հիվանդ մարդիկ ծնվեն: Մեզ պետք չի ունենալ 200-250 հազար մարդ, ինչպես խոստանում են որոշ մարդիկ, եթե դրա հաշվին է դա լինելու: Ես դրան կտրականապես դեմ եմ»,-ընդգծեց նա:
Սա Բալասանյանի ելույթի միակ տարօրինակ և հակաժողովրդավարական հատված չէր։ Նման տոնով նա խոսել է ուսանողության խնդիրների մասին՝ նրանց համարելով ապրանք։ Ըստ էության այս ելույթը լավագույն հնարավորությունն է տալիս արցախցիներին հասկանալու, թե ով է ցանկանում դառնալ իրենց երկրի նախագահ։