ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 23-ին, բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինծառայողների հարազատները հանդիպեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանի հետ, որի ընթացքում իրավիճակը լարվեց։
Նշենք, որ վարչապետի օգնականը եկել էր հայտնելու, որ վարչապետի որոշմամբ կստեղծվի անհետ կորած զինծառայողների հարցերով զբաղվող հանձնախումբ։
Այդ հայտարարությունը բորբոքեց իրավիճակը, հարազատներից մեկն ասաց. «Ինչո՞ւ չի աշխատել ՊՆ-ի այդ հանձնախումբը, չէ որ արդյունք չկա»։
Նաիրի Սարգսյանն էլ իր հերթին առաջարկեց՝ այդ հարցը բարձրացնել վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
Հարազատները դժգոհեցին, թե նոր պետք է կայացվի՞ հանձնախումբ ստեղծելու որոշում. «Նոր եք ուզում հասկանա՞լ այդ հարցը. 50 օր ա մեզ ճղում ենք, նոր եք եկել՝ հասկանա՞ք»։
Նաիրի Սարգսյանն էլ հորդորեց չվիճել. «Պիտի կռիվ չանենք, պիտի իրար հետ աշխատենք։ Դուք ավելի լավ լուծում ունեք, ասեք»։
Այդ հայտարարությունից հետո կրկին իրավիճակը լարվեց։



