464 մլն դրամի փոխհատուցում շուրջ 2,300 քաղաքա...

2021 թվականի ընթացքում 464 մլն դրամի փոխհատուցում շուրջ 2300 քաղաքացու՝ ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց. տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

2021 թվականին ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք են ձեռք բերել նաև մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները, այդ թվում՝ եթե ավանդը ներդրվել է համատեղ ամուսնական կյանքի ընթացքում՝ մահացած ամուսնու կողմից։

Ավանդների փոխհատուցում ստանալու համար ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել իր հաշվառման և փաստացի բնակության վայրի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն` ներկայացնելով`

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.

2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք (այսուհետ` հանրային ծառայությունների համարանիշ).

3) ավանդատուի խնայողական գրքույկը (դրա առկայության դեպքում).

4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին։