38-ամյա տղամարդը ձերբակալվել է՝ հորեղբորն անզ...

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Գյումրի քաղաքի 63-ամյա բնակչի մահվան հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՀՀ ՔԿ-ն։

Տվյալ դեպքի վերաբերյալ ահազանգը ստացվել է 2022թ. մարտի 5-ին, որի հիման վրա դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը Գյումրի քաղաքի Մ.Սարգսյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է նույն հասցեում բնակվող 63-ամյա բնակչի դին: Արտաքին զննությամբ տուժածի գլխի շրջանում հայտնաբերվել են արնանման հետքեր և քերծվածքներ:

Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նույն օրը հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է տուժածի եղբոր` 1984թ. ծնված որդին: Վերջինս հարցաքննվել է դեպքի հանգամանքների շուրջ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: