Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հայտարարել է երկրի սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու աշխատանքների մեկնարկի մասին։ Այս մասին նա ասել է Wpolsce24 հրատարակությանը տված հարցազրույցում։
«30 տարի անց սահմանադրությունը վերանայման կարիք ունի։ Ամենայն հարգանքով 1997 թվականի սահմանադրությունը ստեղծողների նկատմամբ, բայց այսօր մենք ապրում ենք բոլորովին այլ իրողություններում։ Շուտով կստեղծվի սահմանադրական խորհուրդ։ Այն կընդգրկի բազմաթիվ մասնագետների, սահմանադրագետների և իրավաբանների, որոնց խնդիրը սահմանադրական խորհրդի շրջանակներում լինելու է այնպիսի առաջարկություն մշակելը, որն ընդունելի կլինի խորհրդարանական մեծամասնության համար», - հայտարարել է Նավրոցկին:
Նախագահը խոստացել է, որ նոր սահմանադրության նախագիծը «միանշանակ փորձ կլինի համակարգելու այն, ինչը տեղի է ունենում Լեհաստանում», քանի որ «սահմանադրությունը կանոնավոր կերպով խախտվել է վերջին երկու տարվա ընթացքում»։
Դրա հետ մեկտեղ Նավրոցկին չի պարզաբանել, թե հատկապես ինչ փոփոխություններ է ցանկանում կատարել սահմանադրության մեջ։ Նրա նախորդը՝ Անջեյ Դուդան, բազմիցս արտահայտվել է լիազորությունների վերաբաշխման անհրաժեշտության օգտին՝ հօգուտ նախագահի իշխանության ուժեղացման։



