Ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը հայ-ադրբեջանական սահմանագոտում հետագա էսկալացիայից խուսափելու համար: Այդ մասին ամենշաբաթյա բրիֆինգի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և մամուլի վարչության պետի տեղակալ Ալեքսեյ Զայցևը:
«Ռուսաստանը մեծ մտահոգությամբ է ընդունել մեզ համար բարեկամ Հայաստանի և Ադրբեջանի սահմանային լարվածության մասին լուրը, վստահ ենք, որ երկար տարիների ղարաբաղյան հակամարտությունը ինչպես և միջազգային ասպարեզում յուրաքանչյուր այլ տարաձայնություն անհրաժեշտ է լուծել բացառապես խաղաղ միջոցներով՝ դիվանագիտական բանակցությունների ճանապարհով: Մեր դիրքորոշումն անփոփոխ կիսում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագնհները՝ ԱՄՆ-ը և Ֆրանսիան, ինչպես նաև ՄԱԿ-ը, ԱՊՀ-ն և միջազգային այլ կազմակերպություններ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասել է Զայցևը:
Նրա խոսքով՝ ռուսական իշխանությունները ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ հետագա էսկալացիայից խուսափելու համար, այդ թվում՝ օպերատիվ փոխգործակցության միջոցով: Զայցևը հիշեցրել է, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ:
«Պատրաստ ենք շարունակել ջանքերը՝ Երևանի և Բաքվի միջև քաղաքական երկխոսության հաստատման նպատակով»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը: