2024-ին ընթացք է տրվել ավելի քան 2,8 մլն կատա...

Գլխավոր հարկադիր կատարողի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող Ծառայության վարչական շենքում Ծառայության ղեկավար կազմի և սպայական անձնակազմի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀԿԱԾ 2024 թվականի գործունեության ամփոփիչ հաշվետու նիստը։

Բացման խոսքում գլխավոր հարկադիր կատարող Սիրո Ամիրխանյանը նշել է․

«Հարգելի՛ ծառայակիցներ, այսօրվա խորհրդակցությունը լավ առիթ է ոչ միայն ձեր կատարած աշխատանքի արդյունքներին ծանոթանալու, այլև տարբեր ուղղություններով առաջիկա մեր համատեղ անելիքներն ուղենշելու համար։ Այն գիտակցումը, որ Ծառայության աշխատանքի առանցքում ոչ միայն օրենքի կիրառումն է, այլև դրա գրագետ կիրառման արդյունքում անձանց խախտված իրավունքների վերականգնումն ու վերջնական արդարադատության իրականացման ապահովումը, մեզ ավելի է պարտավորեցնում՝ լինելու ազնիվ, գործելու օրենքի տառին համապատասխան»։

Օրակարգի համաձայն՝ ներկայացվել են Ծառայության տարբեր ստորաբաժանումների կողմից հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները, արձանագրված ցուցանիշները։

Զեկուցվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ՀԿԱԾ կողմից ընթացք է տրվել ավելի քան 2,8 միլիոն կատարողական վարույթի, բռնագանձվել է շուրջ 58 միլիարդ դրամ գումար:

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2024 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամփոփիչ խոսքում գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել Ծառայության՝ հաշվետու տարվա գործունեությունը։

Նա միաժամանակ շեշտել է, որ 2025թ-ը Ծառայության համար բավականին պատասխանատու տարի է լինելու, քանի որ հուլիսի 1-ից ուժի մեջ կմտնի «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքը, և այս ուղղությամբ անելիքները շատ են․ «Մեր համատեղ ջանքերը պետք է միտված լինեն նոր կարգավորումների պատշաճ կիրառմանը, անհրաժեշտության դեպքում՝ օրենսդրական փոփոխությունների իրականացմանը, տարաբնույթ միջոցառումների նպատակային կատարմանը, այդ թվում՝ հարկադիր կատարողների շարունակական վերապատրաստումների ապահովմամբ օրենքի կիրարկման նրբություններին ամբողջ ծավալով ծանոթացնելը»։