
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի հայտնի Ոսկեզօծ դահլիճը այլեւս ոսկեզօծ չէ. այն պարզապես նորաձեւ եւ մոդեռն վերանորոգմամբ մի սովորական դահլիճ է՝ զրկված անցյալի պատմությունից եւ դիզայնից:
Ամառային արձակուրդներին Ազգային ժողովը դարձել էր մեծ շինհրապարակ. վերանորոգվում էին Ոսկեզօծ դահլիճը, Փոքր դահլիճը եւ Փոքր դահլիճին կից նախասրահը։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է ԱԺ գնումներն ու արձանագրել է, որ այս դահլիճների վերանորոգման համար վճարվել է շուրջ 50 մլն 988 հազար դրամ՝ գրեթե 133 հազար ԱՄՆ դոլար։
Այս գումարը ներառում է Կատարողի կողմից իրականացվող բոլոր ծախսերը։
Ըստ պայմանագրի՝ «իրականացվել է հաճարե մանրահատակի մաքրում, հղկում՝ ձեռքի էլեկտրական գործիքով, նաեւ նույն հատակի ներկում ջրասոսնձաէմուլսիոն նյութով:
Կատարվել է կախովի առաստաղի մոնտաժում, ներկում, 4 փայտե շրջանակով պատուհանների կազմաքանդում, նույնի վերանորոգում եւ վերատեղադրում ու այլ աշխատանքներ»։
Պայմանագիրը կնքվել է «ԱՎԱԳ-ՇԻՆ» ՍՊԸ-ի հետ այս տարվա հուլիսի 1-ին։