Վահե Գրիգորյանն այսօր կերդվի ԱԺ-ում

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում շնորհակալություն է հայտնել ընտրվելու կապակցությամբ իրեն ուղղված շնորհավորանքների ու մաղթանքների համար և տեղեկացրել.

«Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում և միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով և վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս հունիսի 18-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ:

Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու հունիսի 20-ին, օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը:

Երդմամբ անմիջապես ստանձնելու եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը և ձեռնամուխ եմ լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, և այդ պահից իմ շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով»։

Վահե Գրիգորյանը ՍԴ անդամ էր ընտրվել հունիսի 18-ին, Ազգային ժողովում փակ գաղտնի քվեարկությամբ։ Նրա օգտին քվեարկել էր 99 պատգամավոր, դեմ էին եղել 22-ը։