Սիրիա է մեկնել հայ մասնագետների հերթական խում...

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած հերթական խումբը հունիսի 4-ին ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ):

Հայ մասնագետները, բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում, ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն:

Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաև ապահովման խնդիրներն իրականացվել են ռուսաստանյան կողմի աջակցությամբ:

Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետների խմբի ականազերծողները փետրվարի 19-ից մինչև մայիսի 30-ը տեխնիկական հետազոտության և մաքրման աշխատանքների ժամանակ 33 հազար 400 քմ տարածք են ականազերծել:

Մարդասիրական խմբի բժիշկները հարյուրավոր մարդկանց են օգնել, որոնց թվում շատ են եղել երեխաները։ Հայաստանից մեկնած մասնագետները․

  • վիրաբուժական բնույթի օգնություն են ցուցաբերել 394 հիվանդի,
  • թերապևտիկ բնույթի բուժօգնություն են մատուցել 801 քաղաքացու,
  • իրականացրել են 1354 կլինիկալաբորատոր հետազոտություն: