Ռուսաստանն ու Թուրքիան Հարավային Կովկասում․ է...

 Ռուսաստանի հիմնական մրցակիցները ռեգիոնում Միացյալ Նահանգներն են, ԵՄ-ն եւ Թուրքիան։ Իրանն իհարկե ունի լայն շահերի շրջանակ տարածաշրջանում եւ ընկալում է այն որպես իրանական մշակույթի տարածքի մի մաս, սակայն Թեհրանը ներքաշված է Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի հետ ռազմավարական մրցակցության մեջ Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում առանձնապես ակտիվ չէ։ Բացի այդ, Իրանը նաեւ ամերիկյան սանկցիաների տակ է եւ չունի բավարար ռեսուրսներ, որպեսզի Հարավային Կովկասում ակտիվորեն մասնակցի գործընթացներին, որպես ռեգիոնի խաղացողներից մեկը։ Գրում է «Ռեգնում» գործակալության հոդվածագիրը։

Սրանով հանդերձ, Թեհրանը անհանգստացած է եւ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի թույլ չտա, որ Հարավային Կովկասը վերածվի հակաիրանական գործողությունների պլացդարմի։ Ինչ վերաբերվում է Չինաստանին, ապա Պեկինը դեռ նոր նոր է ոտք դրել Հարավային Կովկաս եւ չունի հստակ մտադրություններ ռեգիոնի առումով եւ ոչ էլ ռեսուրսներ, Մոսկվայի հետ մրցակցելու համար։ Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրավված է Վրաստանում ընթացող գործընթացներում ինչպես երկկողմ հարաբերությունների մակարդակում, այնպես էլ Վրաստան-ՆԱՏՕ ֆորմատով հարաբերություններում։

ԱՄՆ-ն աջակցում է նաեւ Ադրբեջանին՝ Ռուսաստանի շրջանցումով իր նավթն ու գազը համաշխարհային շուկա դուրս բերելու ջանքերում։ ԵՄ քաղաքականության հիմնական մեխանիզմը «Արեւելյան գործընկերությունն» է։ Վրաստանը ստորագրել է ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր, Հայաստանը՝ համապարփակ ընդլայնված համագործակցության համաձայնագիր։ ԵՄ-ն Հարավային Կովկասի համար մնում է նորմատիվ եւ տնտեսական խաղացող, սակայն չունի կոշտ ուժի միջոցներ։

Միացյալ Նահանգները ունի կոշտ ուժի միջոցներ, սակայն Հարավային Կովկասը չի դիտարկում իր կենսական կարեւոր շահերի շրջան։ Հարավային Կովկասում ԱՄՆ վարած քաղաքականությունը սովորաբար դիտարկվում է Ռուսաստանի հետ վարած քաղաքականության համատեքստում։ ԱՄՆ-Ռուսաստան առճակատման հիմնական օջախը հետսովետական տարածքում, սակայն շարունակում է մնալ Ուկրաինան։ Հենց Ուկրաինայում է կենտրոնացած ամերիկացիների հիմնական ուշադրությունը։

Այսպիսով ստացվում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի հետ մրցակցող հիմնական ուժը մնում է Թուրքիան։ Թուրքիան Հարավային Կովկասի հետ ունի պատմական կապեր, սկսած Օսմանյան կայսրության ժամանակներից, եւ Ռուսաստանի ռազմավարական մրցակիցն է եղել առնվազն 300 տարի։ Ու չնայած թուրք-ամերիկյան հարաբերություններում վերջին շրջանում լարվածության աճ նկատվեց, սակայն տեսանելի ապագայում Թուրքիան կշարունակի մնալ Հյուսիս-Ատլանտյան դաշինքի առանցքային անդամներից մեկը եւ Միացյալ Նահանգների համար այն կշարունակի մնալ որպես արդյունավետ գործիք՝ Հարավային Կովկասում ընթացող պրոցեսներին մասնակցելու համար։