ՊԵԿ-ը օպերատիվ-հետախուզական միջոցառումներ է ի...

Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) Հայաստանի տարածքում ավտոմեքենաների գազալցավորման ճնշման կայանների գործունեություն իրականացնող 71 տնտեսվարող սուբյեկտի մոտ իրականացնում է տարբեր հսկողական միջոցառումներ, այդ թվում 35-ի մոտ՝ նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, հարկային իրավախախտումների առկայության ռիսկերը բացահայտելու, ինչպես նաև իրացման իրական ծավալները ճշտելու նպատակով: Հսկողական միջոցառումներն ընթացքի մեջ են:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ ամեն օր գազալցակայաններում ֆիքսվում են իրացված գազի իրական ծավալներն ու օգտագործված էլեկտրաէներգիայի ծախսերը, որոնց արդյունքում մշտապես իրականացվում են համապատասխան համեմատական վերլուծություններ, որոնցով ի հայտ եկած շեղումների վերաբերյալ կազմվում են համապատասխան նյութեր և հետագա ընթացքը լուծելու համար տրամադրվում հետաքննչական մարմիններին:

Միջոցառումների արդյունքում 4 տնտեսվարող սուբյեկտի մոտ արդեն իսկ ի հայտ են եկել որոշակի շեղումներ` ստացված գազի ծավալների և փաստացի իրացված գազի ծավալների միջև, որոնց վերաբերյալ կազմվել են համապատասխան նյութեր և ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:

«Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է ավտոգազալցավորման գործունեություն իրականացնող բոլոր տնտեսվարող սուբյեկտներին պահպանել հարկային օրենսդրության պահանջները: Կոմիտեն միաժամանակ տեղեկացնում է նաև, որ ցանկացած ցուցանիշի նվազման միտումը գտնվում է հարկային մարմինների ուշադրության կենտրոնում, և հսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ», - ասված է հաղորդագրությունում: