Փաշինյանի խոսքը մնաց օդում, իսկ մարզպետը չի տ...

Երբ Իջևանում անտառահատները բողոքի ակցիայի դուրս եկան և դրանց արդյունքում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ, իշխանությունները խիստ գնահատականներով հանդես եկան, իսկ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ անօրինական անտառահատումների վերջը եկել է։ Ըստ Փաշինյանի նախկին համակարգի հետ կապված փայտահատների մաֆիան այլևս պետք է անգործ մնար։

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը «Առավոտ» օրաթերթի հետ զրույցում ասել էր, թե մարզում անօրինական անտառահատում չկա․«Մոտ մեկ ամիս առաջ մարզից՝ անտառից դուրս գնացող ավտոմեքենաների թիվը մոտ 100-150 էր, երկու օր առաջ դա եղել է 5 մեքենա: Սա նշանակում է, որ մենք լուրջ զսպեցինք անտառահատման գործընթացը եւ բնականաբար, բոլոր այդ 5 դեպքերը օրինական ճանապարհով են եղել: Այսօր անօրինական անտառահատում մենք կարող են հայտարարել, որ չկա»: 

Իրականությունը, սակայն գալիս է ապացուցելու, որ վարչապետ Փաշինյանի հորդորները մնացել են օդում, իսկ մարզպետը չի տիրապետում իրավիճակին։ Միայն Արարատի մարզի Մրգավետ գյուղի սկզբնամասում այսօր հանդիպեցինք մեկ տասնյակից ավել մեքենաների, որոնք բեռնված էին նոր կտրած ծառերով։ Այս տարածքում տաս տարի է ինչ կանգնում են Իջևանի բնակիչներ, որոնք փայտի վաճառքով են զբաղվում։

Մրգավետ գյուղի սկզբնամասում կայանած բեռնատար մեքենաներից մեկի վրա գրված է բջջային հեռախոսահամար։ Getcontact ծրագրի միջոցով շատ արագ պարզվեց, որ հեռախոսահամարը պատկանում է Դիլիջան քաղաքի բնակչի։