Նախագահ Արմեն Սարգսյանը բոլորին հասկացնել է տ...

Երեկ հայտնի դարձավ, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը: 

Հիշեցնենք, որ առաջին անգամ նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրել էր փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով նախկինում հայտարարել էր․«․․․Եվ այս, մեզ Ազգային ժողովի ամբիոնից հենց այս պահին քաղաքացի լինելու հարցում մեր թերացումները մատնանշող, Իտալիայի մասին հենց հիմա հեքիաթներ պատմող, տխմարագույն մի ճառ արտաբերող անգերազանցելի սույն դեմագոգը մեզ այդպես չի լուսավորի, թե այդ երբ է իր՝ բրիտանական քաղաքացիությունից հրաժարվելու մասին հայտարարությունը պետական գրանցում ստացել Միացյալ Թագավորության պետական քարտուղարի կողմից: Կներեք, որ իրական անելիքիցս մի փոքր շեղվեցի և այս չնչին և մասնավոր հարցի վրա ձեր ուշադրությունը շեղեցի: Սրանում ոչ մի անսպասելի բան չկար»:

Շատերի համար զարմանալի էր, թե ինչպե՞ս է նախագահը առաջադրում մի մարդու, ով նման կերպ է իրեն դրսևորել և փորձ է արել անարգել նախագահին ու իր ներկայացվելիք ինստիտուտը։ Ըստ փաստաբանների շրջանում շրջանառվող լուրերի՝ Վահե Գրիգորյանը առաջադրումից առաջ հանդիպել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ և ներողություն խնդրել իր արած հայտարարության համար։ Այս պահին մեզ հայտնի չեն մանրամասններ այդ խոսակցության վերաբերյալ, բայց ըստ նույն լուրերի՝ Վահե Գրիգորյանը հավաստիացրել է իր ընկերներին, որ նախագահը հավատացել է իրեն և ընդունել ներղությունը։

Առաջադրումից հետո, երբ Վահե Գրիգորյանը Factor.am-ի հետ զրույցում հայտարարել է, որ վերահաստատում է իր նախկին կարծիքը նախագահ Արմեն Սարգսյանի լեգիտիմությնա մասին, իր շրջապատի մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ է Վահե Գրիգորյանը հաստատում մի բան, որի համար արդեն ներղություն է խնդրել։  Ըստ մեզ հասած լուրերի՝ մի քանի փաստաբաններ, ովքեր մտերիմ են Վահե Գրիգորյանի հետ, նախատել են նրան՝ նախագահ Արմեն Սարգսյանի մեծահոգությունը չարաշահելու համար։

Եվ ահա, այս ամենից հետո, երբ նախագահ Արմեն Սարգսյանը երկրորդ անգամ է հնարավորություն ունենում Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել թեկնածու, նույն Վահե Գրիգորյանը կրկին դիմում է թեկնածու առաջադրվելու համար։

Վահե Գրիգորյանի երկրորդ դիմումը կարելի էր համարել  նվաստացման փորձ նախագահական ինստիտուտի նկատմամբ։ Վահե Գրիգորյանը նաև լրատվամիջոցների հետ զրույցում հասկացնել էլ տալիս, որ ունի գործող իշխանության աջակցությունը՝ ակնարկելով կարծես, որ նախագահ Արմեն Սարգսյանը չի կարող ինքնուրույն որոշում կայացնել, ու կպարտավորվի կրկին առաջադրել իր թեկնածությունը։ 

Նախագահ Արմեն Սարգսյանը անում է ճիշտ հակառակը։ Առաջադրում է քաղաքականապես չեզոք թեկնածուի։ Մեր գնահատմամբ՝ նախագահ Արմեն Սարգսյանը բոլորին հասկացնել է տալիս, որ թույլ չի տալու որևէ մեկին նվաստացնել նախագահական ինստիտուտը։ Ճիշտ է՝  Սահմանադրությամբ իրեն քիչ լիազորություններ են վերապահված, բայց նա է պետության գլուխը, և իր նկատմամբ ոչ հարգալից վերաբերմոունքը վերաբերմունք է պետության նկատմամբ։ Նախագահ Արմեն Սարգսյանը արձանագրեց, որ իր լիազորությունների շրջանակում ինքը գործում է անկախ ու առանց կաշկանդվածության։