Լավրովի հայտարարությունը հետաքրքիր բացահայտու...

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման երեկվա հայտարարությանը պաշտոնական Երեւանի պատասխանին, որը հնչեցվեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի կողմից, բավական հետաքրքիր արձագանք են տվել Բաքվից։

Ադրբեջանի ԱԳ նախարար Հիքմաթ Հաջիեւը հայտարարել է, որ «Հայաստանը նման հայտարարություններով ջուրն է գցում կարգավորման բանակցային գործընթացն ու համանախագահների ջանքերը, որոնք ներդրվում են հանուն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման», ապա նկատել է, որ եթե Հայաստանն այսպես է «պահում իրեն, որպեսզի դուրս գա բանակցություններից, պետք է ուղիղ խոստովանի, եւ համանախագահներն էլ դրան պետք է արձագանքեն»։

Հասկանալի է, որ այս կերպ, հետագա հնարավոր բոլոր զարգացումների պատասխանատվությունը Բաքուն փորձում է դնել Երեւանի վրա, փորձելով հայկական կողմին ներկայացնել որպես ապակառուցողական մոտեցում ունեցող։

Շատ ավելի ուշագրավ արձագանք է տվել Զոհրաբ Մնացականյանի հայտարարությանը Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Ըստ այդ հայտարարության արդեն, անհնար է խոսել անվտանգության եւ ազատ կամարտահայտման մասին այն դեպքում, երբ «ԼՂ բնակչության մեկ երրորդը բռնի կերպով վռնդված է իր մշտական բնակության վայրից եւ մոտ երեսուն տարի չի կարողանում վերադառնալ իր հայրենի հողերը»։

Սա արդեն նորություն կարելի է համարել, թեեւ մեծ հաշվով նույնիսկ անվտանգության եւ ազատ կամարտահայման մասին հիշատակությունը եւս բավական երերուն է, քանի որ Բաքուն եւ անվտանգության եւ ազատ կամարտահայտման իրավունքները դիտարկում է տարածքային ամբողջականության սկզբունքի հարգման պայմաններում։