Կողմերից յուրաքանչյուրը Ղարաբաղն իր տարածքն է...

ՌԴ Պետդումայի «Միասնական Ռուսաստան» խմբակցության ղեկավարի առաջին տեղակալ Ադալբի Շխագոշևը, մեկնաբանելով ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում Արցախին ներգրավելու հարցը, կարծիք է հայտնել, որ դեռ վաղ է դրա մասին խոսել:

«Արցախի ներգրավումը բանակցային գործընթացին անժամանակ է: Բացառել այդ տարբերակը չի կարելի, սակայն ներկա պահին դա շատ կտրուկ առաջարկ է Հայաստանի կողմից: Սկզբի համար Փաշինյանին և Ալիևին անհրաժեշտ է բանակցությունների մի քանի փուլ անցկացնել «Երևան-Բաքու» ձևաչափով և փորձել մշակել բանակցությունների հնարավոր տարբերակները՝ Ղարաբաղի մասնակցությամբ», - ասել է քաղաքական գործիչը РУСАРМИНФО-ին տված հարցազրույցում:

Պատգամավորի խոսքով՝ խնդիրն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը Ղարաբաղն իր տարածքն է համարում, և հարց է ծագում, թե ինչ կարգավիճակով է Արցախը մասնակցելու բանակցություններին:

«Կողմերը պետք է նստեն և երկար զրուցեն: Հայաստանն ու Ադրբեջանը այլընտրանք չունեն: Ամեն ինչ կախված է բանակցություններ վարելու արվեստից և ընդհանուր եզրեր գտնելու կարողությունից», - ասել է ռուս պատգամավորը:

Վերջինս ընդգծել է, որ Ռուսաստանը կառուցողական հարաբերություններ ունի Հայաստանի և Ադրբեջանի հետ, և որ Մոսկվան ռազամավարական նպատակ է հետապնդում՝ զարգացնել հարաբերությունները երկու կողմի հետ: