Իտալիան եւ Իսպանիան հանում են որոշ սահմանափակ...

Կորոնավիրուսից առավել շատ տուժած եվրոպական երկրները աստիճանաբար հանում են սահմանափակումները, այն դեպքում երբ մյուսները դեռեւս քննարկում են դրանց մեղմացման հարցը։ Երկուշաբթի օրվանից Իսպանիայում կվերականգնվի գործարանների աշխատանքը, իսկ երեքշաբթի օրվանից կբացվեն որոշ խանութներ, հայտնում է BBC-ն։

Ավելի վաղ դպրոցները բացելու եւ քաղաքացիների տեղաշարժի սահմանափակումները մասամբ հանելու մասին էր հայտարարել Դանիան՝ Եվրոպայի առաջին երկրներից մեկը, որտեղ դրանք մտցվել էին։

Գերմանիայում կառավարությունը քննարկում է միջոցների մեղմացման հարցը, իսկ Ֆրանսիայում ու Բրիտանիայում սպասվում է կարանտինի երկարաձգում։

Երկուշաբթի օրը Իսպանիայի կառավարությունը հայտարարել է կարանտինի ժամանակ մտցված սահմանափակումների մի մասի չեղարկման մասին, սակայն կատալոնական իշխանությունները արդեն հրաժարվել են կատարել այդ որոշումը։

Կատալոնիայի շրջանային վարչակազմի ղեկավար Կիմ Տորան հայտարարել է, որ նոր բռնկման եւ երկրորդ կարանտինի ռիսկը բավական մեծ է։

Սակայն երկրի մյուս շրջաններում արտադրությունում աշխատողները, շինարարաները եւ մի շարք այլ քաղաքացիներ կկարողանան վերադառնալ աշխատանքի՝ խիստ սանիտարական նորմերը պահպանելու դեպքում։

Իսպանիան կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրների թվում է։ Այնտեղ մահացել է ավելի քան 17 000 մարդ, սակայն վերջին ժամանակներս վարակից նոր դեպքերի թիվը սկսել է նվազել։

Իտալիայում համընդհանուր մեկուսացման ռեժիմը երկարաձգվել է մինչեւ մայիսի 3-ը, սակայն երեքշաբթի օրվանից կարող են բացվել գրախանութները, գրենական պիտույքների եւ մանկական հագուստի խանութները։ Գործարաններն առայժմ փակ կմնան։ Ապենինյան պետությունում կորոնավիրուսից մոտ 20 000 մահ է գրանցվել։