Ինչու՞ են հոսանքազրկվել շրջիկ առևտրակետերը. ք...

Epress.am-ը տեսանյութ էր հրապարակել, որում մի շարք շրջիկ առևտրի սեփականատերներ ներկայացնում էին, որ առանց օրինական հիմքերի անջատել են իրենց առևտրակետերի հոսանքները: Ըստ տնտեսվարողների՝ Երևանի քաղաքապետարանից և Հէց-ից մոտեցել են 10-15 հոգով և անջատել, բայց հիմքեր չեն ունեցել:

Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Pollitik.am-ի հետ զրույցում հաստատեց, որ որոշ կետեր հոսանքազրկվել են (քանակի մասին հստակ տեղեկատվություն այս պահին չկա): Ըստ Կարապետյանի՝ ամեն ինչ արվել է օրինական հիմքով.«Բոլոր այն կետերում, որոնք հոսանքազրկվել են, ապամոնտաժվել են ապօրինի քաշված հոսանքի լարերը, որոնք կարող էին հրդեհավտանգ իրավիճակ ստեղծել և վտանգավոր լինել շրջակայքի համար»: 

Հակոբ Կարապետյանն ասում է, որ այս դաշտը իրավական կարգավորումների կարիք ունի.«Ձեռնարկատիրությամբ զբաղվեուց առաջ ուսումնասիրում է օրենսդրական իրավական դաշտը: Նշված ձեռնարկատերները, ուսումնասիրելով իրավական դաշտը, տեսել են, որ այդ հատվածը չի կարգավորվում. որոշ մասը սպասել են, որպեսզի այդ կարգավորումները լինեն, և միանգամայն օրենքով կարգավորված գործունեություն սկսեն, որոշ մասն էլ օգտվել է օրենսդրական բացից և հիմնել է իր ձեռնարկությունը: Նրանցից ոչ մեկը հանրային սննդի լիցենզիա չունի, և այստեղ մի շարք խախտումներ կան, որոնք երկար շարունակվել չէին կարող»: 

Անդրադառնալով ձեռնարկատերների այն հայտարարությանը, որ կոնտակտի մեջ են եղել Երևանի քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ, մամուլի քարտուղարը նշում է.«Քաղաքապետարանի ստորաբաժանումների հետ ցանկացած շփման ժամանակ քաղաքապետարանի աշխատակիցները զգուշացնում են իրենց բիզնեսի համար հնարավոր ռիսկերի մասին, որովհետև իրենց գործունեությունը, ըստ էության, օրենքից դուրս է. չի արգելվում, բայց օրենքով էլ չի կարգավորվում»:

Մարիամ Սարգսյան