Հրայր Թովմասյանի հասցեին սպառնալից մեկնաբանու...

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հասցեին համացանցում ոչ կոռեկտ գրառում կատարած ոստիկանության աշխատակցի նկատմամբ ծառայողական քննությունը շարունակվում է, Aysor.am-ին հայտնել են ոստիկանության լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք՝ ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Պետրոսյանը տեղադրել էր Վազգեն Սիմոնյան անվամբ ոստիկանության ծառայողի մեկնաբանությունը իրավիճակին, երբ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը չէր կարողացել զսպել հուզմունքը ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի վայրում։ 

Վերջինս անպարկեշտ և սպառնալից արտահայտություններ էր թույլ տվել ՍԴ նախագահի հասցեին՝ նշելով, թե «հաջորդը քեզ են խփելու»։

ՀՀ ոստիկանությունից Aysor.am-ին հայտնել էին, որ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ծառայողական քննություն է նշանակվել։

«Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է նշանակված», - հայտնել էին Ոստիկանության լրատվական ծառայությունից։