Հորդորում եմ ինքնաբացարկ հայտնել. Ռոբերտ Քոչա...

Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքների քննությունը:

Ռոբերտ Քոչարյանը, դիմելով նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանին, կրկնեց իր պաշտպան Հայկ Ալումյանի հորդորը՝ ինքնաբացարկ ներկայացնել:

«Խիստ կասկածներ են ներկայացված դատարանի օրինական կազմավորման վերաբերկյալ: Մոտ մեկ շաբաթ առաջ Վերաքննիչ դատարանում դատարանի նախագահը ինքնաբացարկի միջնորդություն ընդունեց՝ հաշվի առնելով, որ կան կասկածներ, որ մի կողմ լուրջ կասկածներ ունի, հատկապես, որ գործը մեծ հանրային հնչողություն ունի, ընդունեց այդ միջնորդությունը և ինքնաբացարկ հայտարարեց:

Ես ուղղակի հորդորում եմ Ձեզ՝ հասկանալ, որ նաև այս գործով այս կարգի կասկածները չափազանց կարևոր է փարատել, իսկ դրանց փարատելը հնարավոր չէ առանց ինքնաբացարկի: Բավական լուրջ են ներկայացված հանգամանքները, ես ծանոթ եմ քննիչի նյութերին, դրանք նկարած բան են, կոմպյուտերի միջամտություն կա, նույնիսկ տարիներ անց, սա հանցագործություն է, հնարավոր է լինելու պարզել՝ ինչ է կատարվել:

Էն գլխից այս ամենը բացառելու համար հորդորում եմ Ձեզ՝ առանց անձնավորելու, ուղղակի հորդորում եմ ընդունել ինքնաբացարկի միջնորդություն»,- ասաց նա: