Հայկ Մհրյանը աշխատանքային խորհրդակցություն է...

Փետրվարի 19-ին Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։
Ներկա էին Ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ստորաբաժանման ղեկավար կազմը։
Ողջունելով ներկաներին՝ Հայկ Մհրյանը խոսեց ճանապարհային ոստիկանության ծառայության մասին` վեր հանելով նաև թերություններն ու բացթողումները։
Ոստիկանության պետի տեղակալը նշեց, որ քաղաքացիները ոստիկանության մասին կարծիք են ձևավորում արտաքին ծառայության հետ շփումներում, ուստի ճանապարհային ոստիկանները պետք է լինեն գրագետ, կարգապահ ու կոկիկ, քաղաքացիների հետ շփումներում՝ բարեկիրթ։
Կարևորվեց նաև ճանապարհային ոստիկանների մարտական և ֆիզիկական պատրաստականությունն ու ծառայության ճիշտ բաշխումը։
Հայկ Մհրյանը վերլուծեց նախորդ տարի մահվան ելքերով ու վիրավորներով ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրությունն ու դրանց նվազեցման ուղղությամբ տվեց կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ։
Խոսվեց նաև ճանապարհային երթևեկության կազմակերպման մասին։ Ոստիկանության պետի տեղակալը մասնավորապես ընդգծեց որոշ փողոցներում ճանապարհային երթևեկության նշանների բացակայության ու թերի գծանշումների խնդիրը։
Անդրադառնալով ճանապարհապարեկային ծառայությանը՝ Հայկ Մհրյանը հանձնարարեց խիստ միջոցառումներ ձեռնարկել հայտնաբերելու ոչ սթափ, թաղանթապատ հողմապակիներով, մայթերում ու փողոցների երկրորդ շարքում կայանած, ժամկետն անց ԱՊՊԱ պայմանագրերով երթևեկող, չամրակապված և գերհզոր ձայնազդանշանային համակարգեր ունեցող մեքենաների վարորդներին ու ենթարկել պատասխանատվության։