Ե՞րբ Փաշինյանը կպահանջի ասֆալտին փռել դեսպանն...

Ռոբերտ Քոչարյանի հետ ունեցած հանդիպման առնչությամբ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ: Այս մասին հունիսի 17-ին «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իր էջում գրել էր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը.«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ»։

Ռուբինյանի այս հայտարարությունը տարակուսանքի տեղիք տվեց, քանի որ, ըստ էության, նոր իշխանությունները փորձում են արգելել Հայաստանում հավատարմագրված դեսպաններին՝ զբաղվել իրենց առօրյա գործունեությամբ, որը չի հակասում ՀՀ օրենքներին և համապատասխանում է Ժնևի կոնվեցիայի պահանջներին:

Ռուբինյանի հայտարարությունից հետո տարօրինակ էր նաև ԱԳՆ կեցվածքը: Նախ՝ փոխարտգործնախարարը, հրապարակային արձագանքելով դեսպանի և Հայաստանի երկրորդ նախագահի հանդիպմանը, հայտարարել էր, որ որևէ տարօրինակ բան չի տեսնում: Իսկ պատգամավորի հայտարարությունից հետո  ԱԳՆ-ն երկար լռում էր և չէր հաստատում դեսպանին ԱԳՆ հրավիրելու հայտարարությունը, իսկ ավելի ուշ ԱԳՆ խոսնակը լրագրողների հետ զրույցում միայն հաստատեց դեսպանին ԱԳՆ հրավիրելու փաստը, սակայն հրաժարվեց մանրամասններ տալ, թե կոնկրետ ինչու՞ է հրավիրվել դեսպանը:

Մեր՝ ԱԳՆ աղբյուրների փոխանցմամբ՝ դիվանագետներին զարմացրել է քաղաքական իշխանության՝ դեսպանին ԱԳՆ հրավիրելու պահանջը: Անտրամաբանական է եղել, եթե ինչու՞ պետք է դեսպանին հրավիրել ԱԳՆ, եթե նա որևէ կերպ օրենք կամ դիվանագիտական էթիկա չի խախտել:

«ԱԳՆ-ում դեսպանի հետ երկրորդ նախագահ Քոչարյանի հետ հանդիպման մասին որևէ հարց չի քննարկվել և չէր էլ կարող քննարկվել, քանի որ անհասկանալի է, թե ի՞նչ պահանջ պետք է դներ դեսպանի առաջ ԱԳՆ-ն: Ի վերջո, չպետք է մոռանալ, որ մեր երկրում հավատարմագրված դեսպանները հանդիպում են տասնյակ այլ գործիչների հետ և չեն կարող դրա համար կանչվել ԱԳՆ»,-ասաց ԱԳՆ մեր աղբյուրը:

Դատարանների մուտքերը փակել, ասֆալտին փռել ու պատերով տալ սովորած իշխանության համար կարծես խորթ է դիվանագիտական աշխատանքը, և հենց դա է պատճառը, որ հայտնվել են անհարմար իրավիճակում: Ճիշտ է՝ հիմա իշխանության ներկայացուցիչները պնդում են, թե ՌԴ դեսպանի և երկրորդ նախագահ Քոչարյանի հանդիպմանը դեմ են, քանի որ վերջինս անցնում է քրեական գործով, սակայն սա միակ դեպքը չէ, երբ իշխանությունները փորձել են արգելել այլ երկրների ներկայացուցիչներին հանդիպել հայաստանցի քաղաքական, պետական գործիչների հետ:

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ մեր հրապարակումներից մեկում ներկայացրել էինք, թե ինչպես էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը շտապել Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն և պահանջել, որ դեսպանատունը միջամտի, և  ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն չհանդիպի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին, քանի որ գործադիր իշխանությունը դեմ է այդ հանդիպմանը: Արսեն Խառատյանի այս խնդրանքը տարակուսանքի տեղիք էր տվել, և դեսպանատանը հրաժարվել էին բավարարել իշխանության այս պահանջը:

Ահա այսպիսին է մեր իրականությունը: Մենք ունենք մի իշխանություն, ում համար անծանոթ են անգամ դեսպանի գործառույթները: Եվ զարմանալի չի լինի, եթե օրերից մի օր վարչապետ Փաշինյանը պահանջի ասֆալտին փռել իր ընդդիմախոսներին հանդիպող դեսպաններին: