Դուք ընդմիշտ կմնաք սատանա. Թրամփը՝ Էրդողանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հոկտեմբերի 9-ին, այն օրը, երբ թուրքական զորքերը ռազմական գործողություն են սկսել Սիրիայի հյուսիսում: Գրում է «Настоящее Время»-ն։ Նամակի տեքստը հրապարակել է լրագրող Տրիշ Ռեգանը։ Ավելի ուշ փաստաթղթի իսկությունը հաստատել են Սպիտակ տանը։

Նամակում Թրամփը սպառնացել է ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, Եթե Էրդողանը ռազմական գործողություն սկսի։

«Պատմությունը բարեհաճ կվերաբերվի Ձեզ, եթե Դուք ամեն ինչ ճիշտ ու մարդասիրաբար անեք։ Բայց Դուք ընդմիշտ կմնաք սատանա, եթե լավ բաներ տեղի չունենան: Ուժեղ տղա մի եղեք։ Հիմար մի եղեք: Ես ձեզ ավելի ուշ կզանգահարեմ», - գրել է Թրամփը։

Նշենք, որ Սիրիայի հյուսիսում թուրքական գործողությունը ստացել է «Խաղաղության աղբյուր» անվանումը։ Գործողության նպատակը, ըստ Էրդողանի, «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման եւ տարածաշրջանում քրդերի զինված կազմավորումների դեմ պայքարն է, ինչպես նաեւ թուրք-սիրիական սահմանին անվտանգության գոտու ստեղծումը, ինչը սիրիացի փախստականներին թույլ կտա վերադառնալ իրենց տները: