Արմավիրի մարզպետը հանդիպեց ցուցարար աշակերտնե...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Արմավիրի մարզի Արմավիրի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի ուսուցիչներին և ծնողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեկ դպրոցում տեղի ունեցած տնօրենի մրցույթի արդյունքում գործող տնօրենի` պաշտոնում չվերընտրվելու հարցը:

Լսելով ուսուցչական կազմի և ծնողների այն պնդումները, որ խորհուրդն ուղղորդմամբ է իրականացրել քվեարկությունը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն ընդգծել է, որ մարզպետարանի կողմից որևէ ուղղորդում չի եղել, հակառակ դեպքում մրցույթի արդյունքները կարող են չեղյալ ճանաչվել դատական կարգով:

Մարզպետն իր խոսքում անդրադարձել է նաև դպրոցների կառավարման խորհուրդների ձևավորման կարգին` նշելով, որ այն կոլեգիալ մարմին է, որի անդամներին երեք տարի ժամկետով առաջադրում է Կրթության և գիտության նախարարությունը, լիազոր մարմինը (մարզպետարանը), մանկավարժական և ծնողական խորհուրդները` հավելելով, որ բարձրաձայնված հարցի հասցեատերը մարզպետարանը չէ:

Համբարձում Մաթևոսյանն անթույլատրելի և անօրինական է համարել նման գործընթացներում աշակերտների ներառումը և այդ ճանապարհով դասաժամերի խաթարումը` հորդորելով ուսուցիչներին վերադառնալ դպրոց և աշխատել բնականոն հունով:
Հանդիպման ավարտին կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքային խումբ ստեղծելու և հարցի շուրջ լրացուցիչ քննարկում ունենալու վերաբերյալ:

Հիշեցնենք՝ այսպր դպրոցի աշակերտները բողոքի ակցիա էին իրականացնում՝ ի պաշտպանություն արդեն նախկին տնօրեն Մաշա Իվանյանի: