Արմավիրի մարզպետը կհանդիպի ցուցարար աշակերտնե...

Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Զորավար Անդրանիկ Օզանյանի անվան N 5 հիմնական դպրոցի աշակերտների բողոքի ակցիան շարունակվում է մարզպետարանի դիմաց: Երեկ՝ մայիսի 16-ին, կայացել է դպրոցի տնօրենի ընտրություն, որը, սակայն, ըստ դպրոցի ծնողկոմիտեի նախագահի, եղել է ուղղորդված: Միակ թեկնածուն եղել է դպրոցի գործող տնօրեն Մաշա Իվանյանը, սակայն կառավարման խորհրդի 5 անդամները դեմ են քվեարկել, եւ նա չի ընտրվել: 

Politik.am-ի հետ զրույցում դպրոցի արդեն նախկին տնօրեն Մաշա Իվանյանը նշեց, որ իր համար ևս անհասկանալի էր չընտրվելը. «Ես վերջին 5 տարիների ընթացքում շատ աշխատանքներ եմ կատարել դպրոցի համար, երեկ էլ հիանալի ներկայացրի ծրագիրը: Մինչ ընտրության պահը ամեն ինչ նորմալ էր, հանձնաժովի կրթության ներկայացուցիչը ներկայացավ ամենավերջում»:

Մեր հարցին, թե հնարավո՞ր է՝ մարզպետարանն այլ թեկնածու ունի, դրա համար են իրեն դեմ քվերակել, Իվանյանը նշեց. «Մեկ ամիս առաջ մրցույթ էր հայտարարվել: Եթե ունեին թեկնածու, ինչու չէր դիմել: Եթե ես անգամ կասկած ունենայի, որ դպրոցական կոլեկտիվի թեկուզ 20%-ը դեմ է իմ պաշտոնավարմանը, ինքս հրաժարական կտայի ու թեկնածությունս չէի առաջադրի»:

Արմավիրի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնունթյան հետ կապերի բաժնի պետ Հերմինե Վարդանյանը Politik.am-ի հետ զրույցում նշեց, որ մարզպետ Համբարձում Մաթևոսյանը այսօր՝ ժամը 14:00-ին, կհանդիպի աշակերտական և ծնողական կազմերի հետ: Ավելի վաղ չի կարող հանդիպել, քանի որ համայնքային հանդիպումների շարք ունի, իսկ այս հանդիպումը նախատեսված չի եղել: