Արցախի ընտրությունների 2-րդ փուլը ոչ պակաս մր...

Ի տարբերություն նախորդների, Արցախում առաջին անգամ անցկացվեցին ինքնիշխան ընտրություններ, որովհետև Հայաստանը, զբաղված լինելով կորոնավիրուսի դեմ պայքարով, կարծես թե՝ ակտիվ չմասնակցեց։

Ժողովրդավարական նկատելի ցուցիչ է նաև նախագահի ընտրությունների երկրորդ փուլի անցկացումը, պայմանավորված այն հանգամանքով, որ թեկնածուների մրցակցության արդյունքում ոչ ոք չհավաքեց պահանջվող 50 տոկոս գումարած 1 ձայնը։ Այսպիսով ցույց տրվեց, որ փաստացի պատերազմական իրավիճակում գտնվող Արցախում բռնություն չեն գործադրում ընտրությունների ժամանակ, չեն կեղծում, ամեն ինչ արդար է, ժողովրդավարության տառին և ոգուն հավատարիմ։

Կանխատեսելի է, որ առաջիկա օրերին խորհրդարանական մեծամասնություն կազմած կուսակցությունը կոալիցիոն կառավարություն կազմելու պայմանավորվածության մեջ կմտնի անցած որևէ ուժի կամ ուժերի հետ։ Եթե դա հաջողվի մինչև ապրիլի 14-ը՝ նախագահի ընտրությունների 2-րդ փուլի անցկացնման օրը, ապա այդ արդյունքները նույնպես կանխատեսելի կլինեն։ Սա է պատճառը, որ այսօր Արայիկ Հարությունյանի ասուլիսում հնչող հարցերի մեծ մասը այն մասին էր, թե որ ուժի կամ ուժերի հետ է մտադիր համագործակցել առաջատարը։

Լավ կլիներ, որ մասնակից ուժերը միմյանց միջև նախապես քննարկած լինեին այս, ամենահավանական, սցենարի դեպքում իրենց անելիքները։ Այդպես ցույց կտրվեր, որ Արցախում ժողովրդավարությունը այն աստիճանի կայացած է, որ քաղաքական ուժերը նախընտրական փուլում թափանցիկ ու պարզ քննարկում են հնարավոր դաշինքների կազմման հեռանկարը։ Արցախի ընտրություններում արձանագրվեց ևս մեկ ուշագրավ փաստ։ 2-րդ փուլում հավանական թեկնածու Մասիս Մայիլյանը երեկ հավաքեց 26,4 տոկոս ձայն։ Բայց նրան աջակցող «Նոր Արցախ» կուսացությունների դաշինքը խորհրդարանական ընտրություններում 4,5 տոկոս ստացավ ու չանցավ։

Այսպիսի պատկերի ականատես ենք եղել Հայաստանում, երբ նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանը ուներ մեծ ժողովրդականություն, իսկ նրա ԱԺՄ-ն անհամեմատ պակաս թվով ձայներ էր ստանում խորհրդարանական ընտրություններում։ Կարելի է ենթադրել, որ Մասիս Մայիլյանին աջակցում են նաև այլ ուժեր, որոնք նախագահի սեփական թկենածու չունեն։ Իսկ դա նշանակում է, որ նախագահի ընտրությունների 2-րդ փուլը ոչ պակաս մրցակցային է լինելու։

Ամփոփելով, կարելի է ասել, որ մարտի 31-ին Արցախը հանձնեց ժողովրդավարական հերթական քննությունը և Արցախում փաստացի ձևավորվում է ազատ-ժողովրդավարական համակարգ։ Եվ չնայած՝ իրականում այս ձեռքբերումը ոչ մի ազդեցություն չունի բանակցային գործընթացի վրա, այնուամենայնիվ, Արցախը ցույց տվեց ինքնակազմակերպվելու բացառիկ ունակություն, որը դրական է անդրադառնալու արդյունավետ կառավարում կազմակերպելու հարցում։

Թաթուլ Մկրտչյան