Զոհրաբ Մնացականյանի այցին բավական մեծ ուշադրո...

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի այցը Եգիպտոս, ունեցած հանդիպումները այդ երկրի նախագահի, ԱԳ նախարարի հետ, հանդիպումը հայ համայնքի ներկայացուցիչների հետ, Կահիրեում հնչեցրած հայտարարությունները բավական հետաքրքրական են, թեեւ ինչպես եւ կարելի էր սպասել, այցն ընդհանուր առմամբ քիչ նկատվեց հայաստանյան քաղաքագիտական-վերլուծական շրջանակների կողմից, որոնք այսօր ներգրավված են հիմնականում ներքաղաքական «թոհուբոհի» մեջ եւ ավելի շատ նախընտրում են «Արայիկ-Կարաբինա» ոճի թեմաները, քան այն, որ Հայաստանը հետաքրքրական մանեւրներ է իրականացնում եւ փորձում տեղ ունենալ նոր ձեւավորվող հակաթուրքական ճակատում։ Այցին, սակայն բավական մեծ ուշադրությամբ հետեւում են ռուսական եւ թուրքական շրջանակները։

Եգիպտոսը պատահական երկիր չէ։ Հյուսիսային Աֆրիկայում այն առաջատար երկրներից է, որը այսօր կարեւոր դերակատարություն ունի ռեգիոնում եւ փորձում է զսպողներից մեկը հանդիսանալ Թուրքիայի նեոօսմանական հավակնությունների։ Հայաստանն այս այցով, եւ դրանից էլ առաջ՝ Արեւելյան Միջերկրականի մասին հայտարարելով, որ պաշտպանում է Հունաստանին եւ Կիպրոսին, հայտարարություն, որը բավական անհանգստություն առաջացրեց, ըստ էության թե Բաքվում եւ թե Անկարայում հատկապես, փաստացի հայտ ներկայացրեց, անդամակցելու համար այն հակաթուրքական ճակատին, որը ձեւավորվում է եվրոպական մի շարք երկրների եւ արաբական մի շարք երկրների կողմից՝ նպատակ ունենալով ցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխում հաստատված «նեոօսմանական սուլթանի» հովերը։ Սա կարելի է համարել Երեւանի դեմարշ քայլը՝ հուլիսյան սահմանային լարվածության եւ ընդհանրապես՝ Ղարաբաղյան հարցում Անկարայի ադրբեջանամետ կեցվածքի հանդեպ։ Զուտ որպես քաղաքական-դիվանագիտական կոմբինացիա, այն հետաքրքիր է, սակայն պետք է բավական զգույշ լինել։ Նախ, որովհետեւ պատմական փորձառությունը ցույց է տվել, որ սկսած Սեւրի դաշնագրից հետո տեղի ունեցած զարգացումներից, ոչ թուրքամետ ճամբարավորումները որպես այդպիսին եվրոպական երկրների մասով երբեք հաջողություն չեն ունենում եւ եվրոպացիները կարողանում են իրենց հարցերը լուծել Անկարայի հետ եւ մոռանալ ամեն ինչ։ Իհարկե, այս պահին Անկարան բավական բարդ վիճակում է։ Թուրքիայում վստահ են, որ հակաթուրքական այս ճակատի հետեւում Ամերիկան է եւ Իսրայելը։ Իսրայելը, նույն Ամերիկայի գործուն աջակցությամբ, այսօր քայլ առ քայլ կարգավորում է հարաբերությունները Արաբական Արեւելքի երկրների հետ, ինչը ողջունում են նույնիսկ ռուսական շրջանակները քաղաքագիտական մակարդակում, որքան էլ հայտարարվի, որ Թուրքիան եւ Ռուսաստանը դաշնակիցներ են Սիրիայի հարցում, որպես Աստանայի պրոցեսի երաշխավորներ եւ որքան էլ ասվի, որ Լիբիայում համարյա հասել են համաձայնության։ Հայաստանի զգուշավորությունն այս դեպքում պետք է արտահայտվի նաեւ նրանում, որ չանի քայլեր, որոնք կարող են առաջացնել անվտանգային հարցեր եւ այդպիսով ստեղծել մի իրավիճակ, երբ ասպարեզ գան անվտանգային հարցերում Հայաստանի հանդեպ ռեգիոնալ-անվտանգային ինտեգրացիոն կառույցի պարտավորությունների կատարման հետ կապված հարցերը։ Ավելին, եթե հավատանք ռուսական շրջանակներում բավական լուրջ համբավ եւ հարգանք ունեցող Ստանիսլավ Տարասովին, Երեւանի այս քաղաքական նոր կուրսը կարող է քիչ օգուտներ չբերել նաեւ Մոսկվային եւ այս դեպքում Փաշինյանի համար հիանալի հնարավորություն կա ռուսների հետ լեզու գտնելու՝ Մերձավոր-Արեւելյան ճակատի հիմքի վրա։