
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության անդամների անունները բազմիցս են կապվում կոռուպցիոն դրսեւորումների հետ: Օրինակ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանի եւ նրա ամուսնու բիզնես շահերի եւ կապերի մասին հրապարակումներ բազմիցս են եղել։
Մասնավորապես, հայտնի է, որ Անահիտ Ավանեսյանի ամուսնուն պատկանող «Արմֆարմացիա» ընկերությունը վերջին տարիներին կնքել է 240 պայմանագիր 44 պետական կառույցի հետ, ընդհանուր՝ մոտ 606,7 մլն դրամ արժողությամբ, որի կեսից ավելին՝ 137 պայմանագիրը՝ արդեն Ավանեսյանի՝ փոխնախարար եղած ժամանակ։
Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը հունվարի 19-ին հարցում էր ուղարկել վարչապետի աշխատակազմ եւ մի քանի փաստ ներկայացրել Ավանեսյանի, նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի մասին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք վարչապետն այս փաստերը համարում է կոռուպցիա եւ ինչպես է վերաբերվում դրանց:
Ներկայացնելով Անահիտ Ավանեսյանի մասով առկա փաստերը՝ փորձել էինք հասկանալ.
«1. Արդյոք սա կոռուպցիայի դրսեւորում չէ՞, ի՞նչ երաշխիք կա, որ դառնալով նախարար՝ տիկին Ավանեսյանը չի շարունակի նույն՝ անձնական շահերի սպասարկման գործընթացը:
2.. Ինչպե՞ս եք վերաբերվում հովանավորչության կոնկրետ դրսեւորմանը»:
Նկատենք՝ նույնաբովանդակ մեղադրանքներ կային նաեւ նախկին նախարար Արսեն Թորոսյանի մասով. նշվում է, թե վերջինս իր տիկնոջ ենթակայությամբ գործող ՄԻԲՍ բժշկական կենտրոնին հատկացվող պետպատվերը 2019-ին 25 մլն դրամից դարձրել է 57 մլն դրամ: Այդ պատճառով փորձել ենք ճշտել.
«1. Արդյոք Արսեն Թորոսյանի այս պահվածքը կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում չէ՞:
2. Ինչպե՞ս եք գնահատում նրա այդ քայլը»:
Հարց էինք ուղղել նաեւ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի վերաբերյալ առկա լուրերի մասին, թե նա նախարար նշանակվելու օրվանից իր ընկերներին ու հարազատներին պատասխանատու պաշտոնների է նշանակել, եւ հետաքրքրվել՝ արդյոք սրանք կոռուպցիայի կոնկրետ դրսեւորումներ չեն:
Եվ, ահա, համադրելով փաստերը՝ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պաշտոնական մեկնաբանություն ստանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ պարզելու, թե նա ինչպես է արձագանքում այս կոռուպցիոն դրսեւորումներին այն դեպքում, երբ անընդմեջ բարձրաձայնում է կոռուպցիայի դեմ պայքարի մասին:
Եվ, ահա, մեր հարցումից օրեր անց վարչապետի աշխատակազմից ստանում ենք հետեւյալ պատասխանը. «Ի պատասխան Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կոռուպցիայի դեմ պայքարի առնչությամբ բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը, եւ եթե որեւէ քաղաքացու կամ զանգվածային լրատվության միջոցի հայտնի են կոռուպցիոն դրսեւորումների մասին փաստեր, ապա հորդորում ենք դրանք ներկայացնել իրավապահ մարմիններին: Կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունն առանձնապես կարեւորում է նաեւ զանգվածային լրատվության միջոցների գործունեությունն ու աջակցությունը»:
Սակայն նկատենք՝ լրատվամիջոցների կողմից բազմաթիվ հրապարակումներ կան, որոնք իրավապահները կարող են համարել քննության առիթ եւ սկսել ուսումնասիրություններ։ Այնպես որ, հերթն արդեն իրավապահ մարմիններինն է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում