«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Առաջիկայում կառավարությունում կադրային փոփոխություններ են սպասվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ առաջիկայում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ պաշտոններ կստանան եւ կտեղափոխվեն գործադիր աշխատելու: Ընդ որում, այդ որոշումները կայացվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում:
Եվ հենց այդ ժամանակ էլ վարչապետն ասել է, որ նպատակ ունի վարչության անդամներից շատերին գործադիր տանելու:
Եվ, մեր տեղեկություններով, այդ պատգամավորների թվում է նաեւ Արման Բոշյանը, եւ այժմ քննարկվում է նրան տանելու եւ որեւէ պատասխանատու պաշտոնի նշանակելու հարցը:
Նկատենք նաեւ, որ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նիստում անդրադարձ է եղել նաեւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին, ընդ որում՝ վերջինս էլ ներկա է եղել նիստին: Նրա հետ կոպիտ են խոսել եւ ասել, որ ընդդիմությունը կենտրոնացել է նախարարի աշխատանքի վրա, եւ պետք է խնդիրները քննարկել:
Հավելենք, որ հիմնականում կադրային փոփոխությունները քննարկվում են հենց այս ձեւաչափով, եւ Արմեն Փամբուխչյանին ԱԻՆ գործուղելու որոշումը եւս այսպես է կայացվել: Հավելենք, որ հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին նշված տեղափոխումները կավարտվեն»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում