Զարմանալի ներդաշնակությամբ եւ ընդդիմությունը...

Հայաստանում ընդդիմությունն ի դեմս «Հայրենիքի փրկության շարժման» սկսել է մարզային հանդիպումներ։ Իշխանություններն էլ ակտիվ կադրային փոփոխությունների է լծվել, առկա նեգատիվ տրամադրությունները մեղմելու համար։ Եթե անկեղծանանք, ապա զարմանալի ներդաշնակությամբ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը նույն բանն են անում՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտնի Հայտարարության ընդունում հետո հայաստանյան հասարակությունում առկա նեգատիվ տրամադրություններն են մեղմում, կամ ինչպես ասվում է՝ հասարակության միջից «գոլորշին» են արձակում։

Իրականում ամեն ինչ հեշտ է հասկանալը, առավել քան։ Բանն այն է, որ նոյեմբերի 9-ին հաջորդած կիրակիներից մեկի ժամանակ, Կրեմլի քարոզիչներից Դմիտրի Կիսելյովը, անդրադառնալով նոյեմբերի 9-ից հետո Հայաստանի ժողովրդի մոտ ստեղծված վիճակին եւ տրամադրություններին իր հեղինակային հեռուստահաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ, ներկայացրեց հոգեբանական այն իրավիճակները, որում սովորաբար հասարակությունները գտնվում են նման իրադրության մեջ հայտնվելիս եւ նաեւ անդրադարձավ այն հոգեբանական հնարքներին ու գործողություններին, որոնք սովորաբար իրականացվում են այդպիսի դեպքերում։

Կիսելյովը ներկայացրեց օրինակ առաջին ժամերի շոկային վիճակն ու ցասման բռնկումը, ապա արդեն հաջորդիվ քայլ առ քայլ նկարագրեց հոգեբանական փուլերը, որոնցով, զարմանալի ճշգրտությամբ, այժմ անցնում է մեր հասարակությունը, սկսած անտարբերությունից, հուսալքությունից մինչեւ ապատիկ վիճակներ եւ այլն։

Ընդ որում, կարեւոր է, որպեսզի նման դեպքերում հասարակությունը կարողանա արտահայտվել, այսպես ասած ներսում կուտակված նեգատիվը դուրս հանել միջից եւ տեսնի քավության նոխազների, որոնք մեղավոր են ստեղծված իրականության համար։ Ընդդիմությունը սա հասկանում է եւ ամեն ջանք գործադրվում է, որպեսզի այդ թիվ մեկ մեղավորի դերում ներկայանա Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանն ինքն էլ է հասկանում, որ նույնիսկ եթե ընդդիմությունը քայլեր չանի, էլի թիվ մեկ մեղավորն ինքն է, որովհետեւ թիվ մեկ պատասխանատուն է ինքը երկրի համար ու փորձում է մնալով հանդերձ թիվ մեկ պատասխանատու, թիվ մեկ մեղավորի բեռն իր ուսերից գցել այլ ուրիշ մեկի ուսերին կապ չունի թե ում, բայց կարեւորը, որ այն իր ուսերին ծանրացած չմնա։

Ընդդիմության կազմակերպած հանրային բողոքի ակցիաներն էլ, այլ արդյունք չտվեցին, եթե ոչ՝ միայն հասարակության մեջ եղած նեգատիվ տրամադրություններն ու էմոցիաները դուրս բերելը։ Հանրագումարում, եթե այս ամենը ճիշտ հունավորվի, լավ բան դուրս կարող է գալ, ի վերջո հասարակության, ժողովրդի առողջացման կարող է տանել, սակայն այլ է հարցը, թե արդյոք ժողովրդի ղեկավար դիրքերում կանգնածները ունեն այդ իմաստնությունը այս պրոցեսները ճիշտ հունավորելու համար։