Զախարովան Արցախում ռուս խաղաղապահների ապագայի...

Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների գործունեությունը կփոփոխվի՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները: Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի մի շարք մշտական և ժամանակավոր դիտակետեր արդեն փակվել են, մեր խաղաղապահների հետ կապված հիմնարար հարցերը քննարկվում են Բաքվի հետ»,- ասել է Զախարովան։

Զախարովայի խոսքով՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ փոխվել է:

«2022 թվականի հոկտեմբերին Հայաստանի վարչապետը Պրահայում ԵՄ հովանու ներքո անցկացվող գագաթնաժողովում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք և իր դիրքորոշումը վերահաստատել այս տարվա մայիսին և հունիսին Բրյուսելի գագաթնաժողովներում։ Այսպիսով, լրջորեն փոխվել են պայմանները, որոնցով 2020-ին տեղակայվել էր ռուսական խաղաղապահ զորակազմը»,- ընդգծել է նա: