Ըստ գործարարի՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին...

Գործարար Վահե Պարազյանը հուլիսի 3-ին դուրս է գալիս Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող մարզասրահից և սպասում իր վարորդին: Մինչ վարորդի գալը նրան են մոտենում չորս հոգի, որոնցից մեկը հարցնում է՝ Վահեն դո՞ւ ես: Վահե Պարազյանը պտտվում և տեսնում է, որ Նարեկ Կարապետյանն է հարցնողը՝ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Կարապետյանի որդին, «Տաշիր» ընկերությունների խմբի առաջին փոխնախագահը: «Ինքն էր և հետը 3 թիկնապահ: Հարձակվեցին վրաս, առաջինը ինքը խփեց, օրը ցերեկով: Ես թյուրիմացության մեջ եմ, հարցնում եմ՝ ի՞նչ է եղել: Մինչև զանգեցի ընկերներիս, արագ նստեցին մեքենաներն ու գնացին»,- «Հետք»-ի հետ զրույցում պատմեց գործարարը:

Միջադեպից հետո երիտասարդ գործարարը գտնում է Նարեկ Կարապետյանի հեռախոսահամարը, զանգահարում է և գնում հանդիպման Մաշտոցի պողոտայում Կարապետյանին պատկանող «Սիզնս» սրճարանում (SEASONS): «Ասում եմ՝ ուզում եմ մենակ քո հետ հանդիպեմ: Ասում է, բա արի, Վահե ջան: Գնամ եմ, մի 100 հոգի, ինչքան «ախռանիկ» ունի ընդե են, լցված այս ու այն կողմ: Նստած է կաֆեում, հարցրեցի ի՞նչ կա իմ հետ: Ասեց՝ դուք չգիտե՞ք, որ մեր ընտանիքի հետ հարցեր ունեք: Ասեցի՝ հոպարիդ հետ նկատի ունե՞ս (Սամվել Կարապետյանի, «Տաշիր» ընկերություների խմբի նախագահ), ասեց՝ հա: Հարցրեցի՝ դու կա՞ս այդքան, որ այդ հարցը բարձրացնում ես, հոպարդ տեղյա՞կ է դրանից: Ասեց հա, ես եկել եմ իմ ընտանիքի անունից խոսեմ»,- սրճարանում կայացած հանդիպումից մանրամասներ պատմեց Վահե Պարազյանը և շարունակեց, որ Նարեկ Կարապետյանն ասել է, որ նա ՌԴ-ում պարտքեր ունի իր հորեղբորը:

«Ասում է՝ դուք մտել եք հոպարի դաշտ: Ասեցի՝ եթե հոպարիդ է թվում, որ դա իր դաշտն է, իր դաշտը չի, դա ազատ տեղ է: Պետական հիմնարկ է եղել: Ասեց դուք միակ ելք ունեք, եթե ձեզ թվում է, որ Հայաստան եք եկել, ապահովության մեջ եք, ես քեզ ասեմ, որ դու սխալվում ես, հենց այդպես: Ասում եմ՝ Նարեկ, սպառնո՞ւմ ես: Ասում է՝ ես քեզ զգուշացնում եմ, որ կարամ մարդ ասեմ, որ ձեր համար ահավոր պրոբլեմ կլինի: Ասում է՝ դուք ստեղ մի հատ ելք ունեք, լավ մտածի, Վահե, դու էդ փողերը, մենք այստեղ ֆոնդ ունենք Արցախի համար, էդ փողերը (10 մլն եվրո) բերում, մուծում ես ֆոնդին, մենք ուղարկում ենք Արցախ: Ասում եմ՝ իմ հաշվին ուզում եք Արցախին լավություն անե՞ք, դուք արեք: Ասում եմ՝ հոպարդ ինձ 1.5 տարի նստացրեց, իմ ընտանիքին էս օրը գցեց, բիզնեսս խլեց, ես փոխանակ ասեմ՝ ինչի եք իմ գլխին այդպիսի բան արել, մի հատ ել դուք եք ասում, դուք եք ինձ պարտք: Ասում է՝ ոնց որ խառնում ես, ուզում ես հենց վաղն էլ մի հատ «ռիչակներով խոդեմ», որ բան անե՞ս, ասում է՝ դու չես հասկանում՝ ում հետ ես խոսում»,- պատմում է Վահե Պարազյանը: Վերջինիս և Նարեկ Կարապետյանի քննարկումն արդեն շարունակվում է գործարարի բանկային հաշիվներում առկա գումարների շուրջ:

Ամբողջական հոդվածը սկզբնաղբյուր կայքում