Ղարաբաղյան հարցը Արեւմուտքի համար սկսում է ձե...

 ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ երկրների հանդեպ որդեգրելիք քաղաքականության հարցում կողմնակից է բաղմակողմ մոտեցմանը, Եվրոպայում եւ Ասիական-Խաղաղ օվկիանոսյան ռեգիոնում ունեցած դաշնակիցների ներգրավմամբ։ Այլ կերպ ասած, վերականգնվում է խմբային քաղաքականության կամ խմբային հակազդեցության մոդելը, որը ավերվել էր Թրամփի ժամանակներում։

Եթե ավելի մանրակրկիտորեն վերլուծենք, ապա Բայդենը վերականգնում է Արեւմուտքի ինստիտուցիոնալ ուժը եւ համերաշխությունն ու համագործակցությունը։ Այս համատեքստում պատահական չէ, որ Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թրամփի պարտությունը համարում է բարեբախտություն։ Ըստ էության «խմբային մոտեցումը» սկսել է կամաց կամաց կենսագործվել եւ իրականություն դառնալ արդեն հիմա, թեեւ Բայդենի պաշտոնամուտին դեռ մի ամիս եւ ավելի ժամանակ կա։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Եվրամիությունը սկսում է սանկցիոն փաթեթ նախապատրաստել Թուրքիայի դեմ, որը կարող է ընդունվել դեկտեմբերի 10-11-ին կայանալիք ԵՄ գագաթնաժողովի ժամանակ։

Միաժամանակ, արդեն հայտնի է դարձել, որ հաջորդ տարվա ամերիկյան ռազմական բյուջեում նախատեսված են սանկցիաներ Թուրքիայի դեմ։ Բառացիորեն երեկ էլ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի խորհրդարանը ընդունել է բանաձև, որում ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։ Ինքնին հասկանալի է, բանաձեւում իր տեղն ունի նաեւ Թուրքիան իր ապակառուցողական, ռազմատենչ եւ պատերազմի հրահրման դիրքորոշմամբ։ Մենք արդեն առիթ ունեցել ենք գրելու, որ Ղարաբաղի մասին Ֆրանսիայում ընդունված բանաձեւերը առաջին հերթին պետք է դիտարկել ֆրանս-թուրքական եւ Թուրքիա-Արեւմուտք լարված հարաբերությունների լույսի ներքո։

Երեւանում այս ամենից ուրախանալու իմաստը չկա, քանի որ այստեղ գործում է պարզ մի ճշմարտություն՝ Ղարաբաղյան հարցը Արեւմուտքի համար դարձել է աշխարհաքաղաքական խաղաքարտ, որով նա ճնշում է գործադրելու բռնապետական վարչակարգեր ունեցող Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա՝ առնվազն։ Իհարկե հեռահար այլ շահեր եւս կան, ինչպես օրինակ վերադասավորվող Կովկասում համապատասխան «պատառ պոկելը»։ Իհարկե, Հայաստանում եղած հայտնի «սորոսականները» այստեղ ինչ ինչ «փրկօղակ» կարող են տեսնել, սակայն հաշվի պետք է առնեն, որ այդ «փրկօղակից» բռնվելու գինը կարող է լինել հայկական պետականության կորուստը, եթե հակառուսական որեւէ քայլ անելու փորձ արվի։ Հայաստանում իշխանությունները պետք է հատկապես զգույշ լինեն նման գայթակղություններից խուսափելու համար։