Վրաստանում հետաքրքիր քաղաքական զարգացումներ ե...

Ինչպես հայտնի է, այս տարվա հոկտեմբերի 31-ին Վրաստանում պառլամենտական ընտրություններ են տեղի ունենալու։ Առաջիկա ընտրություններին ընդառաջ՝ կրկին ակտիվացել է Վրաստանի նախկին վտարանդի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։ Իր՝ օրերս հրապարակած վերջին հայտարարություններում, նա պատրաստակամություն է հայտնել վերադառնա Վրաստան եւ ստանձնել վարչապետի պաշտոնը, եթե իհարկե վրացական ընդդիմությունը հասնի հաջողության։ Սակայն նա պայման է դրել, որ վարչապետ կմնա երկու տարի միայն, համարելով, որ երկու տարին բավարար է, որպեսզի «Վրաստանը հանի ներկայիս ճահճից»։ Սաակաշվիլիին այժմ աջակցում է նրա «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը եւ վերջինիս շուրջ ձեւավորված «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր դաշինքը։ Վերջիններս կարծես թե համոզված են, որ այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են Վրաստանի առաջ, անհնար է կարգավորել եւ լուծում տալ, առանց Սաակաշվիլիի։ Հիմնավորումն այն է, որ Սաակաշվիլին Արեւմուտքում ունի կապեր, նաեւ պետական կառավարման փորձ, տնտեսության բավական լավ գիտակ է, մի խոսքով՝ առանց հեղինակության մեկը չէ։ Հանուն արդարության, պետք է նշել, որ Սաակաշվիլին մինչ այժմ էլ մի քանի անգամ հայտարարել է, որ վերադառնալու է Վրաստան եւ գործող իշխանությունը կարծես թե դրանից առանձնապես անհանգստացած չէ, ինչը կարելի է կարդալ Վրաստանի գործող վարչապետ Գեորգի Գախարիայի արձագանքից։ Պարզ է, որ գործող իշխանությունը ցանկանում է պահապնել անդորրն ու կայունությունը, բացառել անկարգությունները։ Ցնցումներ չի ուզում, կարծես թե, նաեւ Սաակաշվիլին։ Այդ մասին նա ուղիղ տեքստով է ասել։ Սաակաշվիլիի վերադարձի հեռանկարը սակայն միանշանակ չի ընդունվել վրացական քաղաքական դաշտում։ Արդեն իսկ ձեւավորվում է մի տրամադրություն կամ մտայնություն, ըստ որի, եթե Սաակաշվիլին սկսի դառնա ակտիվ խաղացող վրացական քաղաքականության մեջ, ապա առաջիկա ընտրությունները չեն դառնա քաղաքական լուրջ միջոցառում, այլ կվերածվեն Սաակաշվիլի-Իվանիշվիլի քաղաքական ճակատամարտի, ինչը նշանակում է, որ մյուս ուժերը մեղմ ասած կմնան դուրս ասպարեզից կամ կհայտնվեն լուսանցքին մոտ միջակայքում։ Թե ինչքանով է իրատեսական Սաակաշվիլիի վերադարձը, դժվար է ասել, սակայն ամեն դեպքում նրա դեմ կան կայացված քրեական դատավճիռներ եւ Վրաստան ոտք դնելիս, նա պետք է նախ կալանավորվի եւ գնա բանտ, իսկ հետո արդեն, եթե դիմի նախագահին եւ վաղաժամ ազատության շնորհման արժանանա, նոր սկսի քաղաքական իր ակտիվ գործողությունները Վրաստանում, որոնք նա անվանում է «Վրաստանի փրկություն»։