Վրաստանի խորհրդարանում այսօր քվեարկության կդր...

Վրաստանի խորհրդարանը այսօրվա լիագումար նիստում նախատեսում է առաջին ընթերցմամբ քվեարկության դնել օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծը: Այդ մասին լրագրողներին հայտնել է օրենսդիր մարմնի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ Նախագիծն արդեն քննարկվել է իրավական հարցերի հանձնաժողովում և հավանության արժանացել առաջին ընթերցմամբ:

Խորհրդարանում անվտանգության հատուկ ռեժիմ է սահմանվել. շենքի մուտքը սահմանափակվել է այցելուների համար՝ պայմանավորված օրինագծի դեմ բողոքի ակցիաներով: Ցուցարարները խորհրդարանի մոտ բողոքի գործողությունները վերսկսել են առավոտյան ժամը 11-ին:

Մինչ այդ Վրաստանի ոստիկանությունը հայտարարել էր Թբիլիսիում օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքի ընդունման դեմ հանրահավաքի ժամանակ 14 մարդու ձերբակալման մասին:

Վրաստանի խորհրդարանն օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունել է 2023 թվականի մարտի 7-ին։ Դրանից հետո սկսված բողոքի ակցիաների արդյունքում օրինագիծը հետ է կանչվել խորհրդարանից։ Օրինագծին դեմ են հանդես գալիս ինչպես Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, այնպես էլ ընդդիմությունը, նաև դիվանագիտական կորպուսը, այդ թվում՝ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը և ԱՄՆ դեսպանատունը: Նախաձեռնության հակառակորդների խոսքով՝ օրինագիծը կխոչընդոտի Վրաստանի ինտեգրմանը Եվրամիությանը: