Վրաստանի իշխանությունները ԵՄ-ին առաջարկել են...

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ԵՄ պաշտոնյաներին և դիվանագետներին կոչ է արել իրենց կողմից վրացական ոչ կառավարական կազմակերպություններին հատկացված միջոցների մի մասը ուղղել անցյալ տարվա նոյեմբերին և դեկտեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ խորհրդարանի շենքի վնասը ծածկելու համար։

«Բողոքի ակցիաների ժամանակ արմատականների պատճառած փաստացի վնասն արդեն կազմում է ավելի քան 100 հազար լարի (ավելի քան $40 հազար)։ Դրանք շենքի վնասը վերականգնելու ծախսեր են, բայց կան նաև այլ ծախսեր՝ ավերված գույքի և տեխնիկայի համար։ Մենք գնահատում ենք, որ պատճառված վնասը կազմում է մոտ կես միլիոն լարի»,- երկուշաբթի լրագրողներին ասել է Պապուաշվիլին։

«Ուղիղ եթերում երևում էր, թե ինչպես են արմատականները հարձակվում ոստիկանների վրա և փորձում հրկիզել խորհրդարանի շենքը, սակայն եվրոպացի դիվանագետները դա չեն նկատել։ «Սա խայտառակություն է և որևէ արժեքի բացակայություն», - ասել է Պապուաշվիլին:

2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնց հաղթող ճանաչվեց իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը։ Միաժամանակ ընդդիմության բողոքի ակցիաները սկսվեցին ընտրությունների արդյունքները չեղարկելու պահանջով:

Բողոքի նոր ալիք սկսվեց այն բանից հետո, երբ նոյեմբերի 28-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Թբիլիսին մինչև 2028 թվականը բանակցություններ չի սկսելու Բրյուսելի հետ Եվրամիությանն անդամակցելու շուրջ և այդ ընթացքում հրաժարվելու է ԵՄ-ից ցանկացած բյուջետային դրամաշնորհից։