Մոսկովյան հանդիպումից եւ հատկապես՝ այդ համատեքստում Պուտին-Փաշինյան առանձնազրույցից հետո հայաստանյան մեդիայում բավական հետաքրքիր հրապարակումներ ի հայտ եկան։
Մասնավորապես, ըստ դրանցից մեկի, Պուտինը հայտարարել է Փաշինյանի հանդիպման ժամանակ ուղիղ տեքստով, որ իր համար կարեւոր է, որ Հարավային Կովկասում, եւ հատկապես Հայաստանում տիրի հանգստություն ու կայունություն, իսկ Հայաստանի քաղաքական կյանքում ներկայումս բարդ իրավիճակ է եւ բոլորը պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եւ արդյոք Փաշինյանը չի ուզում հրաժարական տալ, ինչին ի պատասխան Փաշինյանը արդեն վաղուց ծեծված պատասխանն է տվել այն մասին, որ ինքը վայելում է ժողովրդի վստահությունը եւ այլն։
Իշխանական ճամբարում էլ շրջանառում են այն վարկածը, թե Պուտին-Փաշինյան առանձնազրույցը անցել է ջերմ մթնոլորտում։ Ու ընդ որում, երկու թեզերն էլ տարածվում են որքան հնարավոր է ոգեւորություն առաջացնելով մի դեպքում ընդդիմադիր ճամբարում, որ «էս է Պուտինն էլ է պահանջելու Նիկոլի հրաժարականը», մյուս դեպքում ոգեւորություն առաջացնելով իշխանական ճամբարում, թե բա «Պուտինը Նիկոլին «դաբոր» է տվել»։
Իրականում իրավիճակն առնվազն ծիծաղելի է։ Այն, որ Պուտինը երբեք Նիկոլ Փաշինյանին «դաբրո» չի տվել եւ երբեք «դաբրո» չի տա ասել է հենց Պուտինը իր բոլոր հարցազրույցներում, որոնք առնչվում են իշխանության ձեւավորմանը, պետության կառավարմանը, «գունավոր հեղափոխություններին» եւ այլն․ պարզ ձեւակերպմամբ՝ ռուսական հատուկ ծառայությունների «դպրոցն» անցած, ռուսական հատուկ ծառայությունների «դպրոցում» կոփված եւ այդ նույն հատուկ ծառայություններում գնդապետի ուսադիրների արժանացած Ռուսաստանի նախագահի համար ընդունելի չի կարող լինել մի իշխանություն, որը եկել է փողոցից եւ որի ծագումը, մեղմ ասած՝ անհասկանալի է։
Սա իշխանական ճամբարում պետք է մեկ ընդ միշտ ականջի օղ անեն ու հիշեն, որ պետական շահով առաջնորդվելով «ժպիտը» դեռ «դաբրո» չէ։ Մյուս կողմից, ռուսական հատուկ ծառայություններում գործակալների հավաքագրմամբ զբաղված Պուտինը, իսկ նա այն ժամանակվա Արեւելյան Գերմանիայում կարծես թե հենց դրանով է զբաղվել, շատ լավ գիտի զգուշավոր խոսքը եւ երբեք իրեն թույլ չի տա այնպիսի բան ասել, թեկուզ ակնարկի տեսքով, որը հետագայում ինչ որ կերպ հնարավոր լինի օգտագործել իր դեմ։
Իսկ ինչ մնում է այն բանին, որ «Պուտինն արդեն ուզում է, որ Նիկոլը հրաժարական տա», եթե նման բան Պուտինը այս փուլում ուզենար, ապա 15 րոպե կպահանջվեր, որպեսզի Փաշինյանն իր հրաժարականի դիմումը գրեր։ Այս փուլում Պուտինին ձեռնտու է Փաշինյանի նման մեկին ունենալ Հայաստանում՝ Հարավային Կովկասի «յուրացման» պլանը հարթ կերպով գլուխ բերելու համար։ Իսկ երբ գործընթացը ավարտի Փաշինյանը դեն կնետվի։