Որքան մոտենում է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդե...

Աշխարհում գլոբալ քաղաքական միջավայրի փոփոխությունը նաեւ որոշակի կուրիոզային իրողություններ է բացահայտում։ Մասնավորապես, որքան մոտենում է ԱՄՆ ընտրյալ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության օրը, այնքան ավելի է ակնհայտ դառնում, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լուրջ փորձություններ են սպասվում եւ այդ համատեքստում Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն այդքան ավելի է նմանվում Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյին։ Բանն այն է, որ բոլորն են հասկանում, որ թուրք-ամերիկյան հարաբերությունները էլ չես անվանի դաշնակցային։ Դրանք գուցե եւ սառը գործընկերային են, սակայն այն դաշնակցային բնույթը, որ կար անցյալում, այլեւս չկա։ Խնդիրն այստեղ Թուրքիայի ղեկավարի նեո-օսմանական հավակնությունները չեն միայն, կամ պան-թուրանական նկրտումները։

Որքան էլ օրինակ ռուսական վերլուծական տիրույթում եւ նրանց ազդեցության տակ գտնվող հայկական դաշտում այդ մասին խոսեն, միեւնույնն է, լուրջ մարդը հասկանում է, որ Էրդողանը չունի ոչ մի հնարավորություն պանթուրանիզմի հասնելու կամ նեո-օսմանիզմ կառուցելու համար։ Երկու գաղափարներն էլ ներքին լսարանի «որոճալու» համար է նախատեսված, եւ երկու գաղափարներն էլ կարելի է որակել որպես թուրքական քաղաքական պոպուլիզմի մշակումներ, իսկ քաղաքական պոպուլիզմը, ի դեմս Թրամփի, կարծես թե սկսել է իր ճգնաժամն ապրել։ Խնդիրը այստեղ ավելի խորքային է եւ Էրդողանի եւ Լուկաշենկոյի համեմատությունը պատահական չէր․ ճիշտ այնպես, ինչպես Լուկաշենկոն հիմա բեռ է Ռուսաստանի համար, այնպես էլ էրդողանը՝ ԱՄՆ-ի։ Եվ Ռուսաստանի, եւ ԱՄՆ համար տհաճ է եւ նյարդայնացնող որ իրենց դաշնակիցները կամ վասալները ի դեմս՝ համապատասխանաբար՝ Բելառուսի եւ Թուրքիայի ղեկավարների, ինչ որ «բազմավեկտորություն» են խաղում, ու եթե Լուկաշենկոն արդեն հարված ստացել է քթին, ու խելոքացել, ապա Էրդողանի դեպքում, հարվածը դեռ գալու է։ Եվ Ռուսաստանը եւ ԱՄՆ-ն հասկանում են, որ օրինակ Բելառուսի բազմավեկտորության հետեւում կանգնած ԵՄ-ն մինչեւ վերջ անկեղծ չէ, ոչ էլ Մեծ Բրիտանիան, որ ամեն կերպ քաջալերում է Էրդողանին։ Եւ Մոսկվայում, եւ Վաշինգտոնում հասկանում են, որ ի վերջո ԵՄ-ն ամենաթեժ պահին հարվածելու է Լուկաշենկոյին թիկունքից, վնասելու է նաեւ Ռուսաստանին եւ սարքի քաոս ռուսական սահմանների հարեւանությամբ, իսկ Մեծ Բրիտանիան էլ իվերջո բերելու է նրան, որ Թուրքիան բախվի որեւէ խոշոր պետության հետ, ու Էրդողանը այդ բախման ալիքի տակ դուրս գա ասպարեզից, իսկ արդեն առանց Էրդողան Թուրքիա ու հարակից տարածքներ կկարողանա ինքը մտնել ու յուրացնել, ինչը հատկապես կարեւոր է Մեծ Բրիտանիայի համար «Բրեքսիտից» հետո։ Սակայն եթե Ռուսաստանը պահում է դեռ «Բատկային», ինչ ինչ բաների համար, չկա երաշխիք, որ օրինակ ԱՄՆ-ն կուզենա պահել Էրդողանին, եւ որպես «սրած բիզ» օգտագործել այլոց դեմ, մի դեր, որը այժմ Էրդողանը խաղում է Մեծ Բրիտանիայի տիկնիկավարությամբ։