Վազգեն Մանուկյանի անցումային կառավարության կո...

Օրեր առաջ «Ժողովուրդ» օրաթերթը գրեց, որ ընդդիմությունը ամենայն հավանականությամբ երեք թեկնածուի անուն կառաջադրի Հայաստանի վարչապետի պաշտոնի համար Հրանտ Բագրատյանին, Վազգեն Մանուկյանին եւ Արթուր Վանեցյանին։ Ընդ որում, ռուսական կողմը առավել հակված է Վազգեն Մանուկյանին տեսնել որպես հաջորդ վարչապետ։ Պարբերականի փոխանցման համաձայն, Վազգեն Մանուկյանը վերջերս Մոսկվա է մեկնել այնտեղ իր թեկնածությունը քննարկելու համար:

Իհարկե, խոսքը ժամանակավոր կառավարության ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու մասին է, որը նաեւ կնշանակի անցնցում կերպով Հայաստանը տանել մինչեւ արտահերթ ընտրություններ եւ լիցքաթափել ներկայիս ներքաղաքական ճգնաժամը։ Սա իհարկե, բավական հետաքրքիր է հայաստանյան քաղաքական դաշտի համար, որովհետեւ Վազգեն Մանուկյանը Արցախյան գոյամարտի եւ Հայաստանի ակունքներում կանգնած մարդ է, ունի պետական կառավարման եւ քաղաքական գործունեության լուրջ փորձ, նաեւ՝ լուրջ փորձառություն ճգնաժամային կառավարման շրջանում, հատկապես, որ նա պետության կառավարման համակարգում լուրջ պաշտոններ զբաղեցրել է Հայաստանի համար իրապես ճգնաժամային եւ բարդ պայմաններում։

Հիշենք նախ երեք դրվագ նրա կենսագրությունից․ Վազգեն Մանուկյանը 1988 թ. Եղել է «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, կոորդինատոր, 1990 թ. - Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1990-1991 թթ. - ՀՀ վարչապետ, 1992-1993 թթ. - ՀՀ անվտանգության գծով Պետնախարար, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար, միաժամանակ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի ղեկավար։ Մանուկյանը ունի մաքուր կենսագրություն։

Նրա անունը երբեք չի կապվել թալանի, կոռուպցիայի հետ, այսինքն՝ թաթախված չէ այնպիսի երեւույթների մեջ, որոնք հասարակության կողմից ընդունվում են բացասական կերպով եւ մերժվում են։ Աշխարհաքաղաքական իմաստով, ինչը հիմա հատկապես կարեւոր է, Վազգեն Մանուկյանին կարելի է համարել կշռադատված գործիչ, ով լավ է պատկերացնում, թե ով է Հայաստանի բարեկամը, ով թշնամին, ով գործընկերը, ով ռազմավարական դաշնակիցը, եւ որ պետության վրա կարելի է հույս դնել օրհասական պահերին։ Այն, որ նա ընդունելի է ռուսական էլիտայի համար, արդեն կարեւոր է, քանի որ Հայաստանի որեւէ ղեկավար հիմա պետք է լինի մեկը, ում ռուսները կվստահեն, ում հետ ռուսները կխոսեն եւ ում հետ ռուսները կաշխատեն։

Որպես Պնախարար եւ ճգնաժամային կառավարիչ, նա բավական հաջողված է, քանի որ ծանրագույն տարիներին Հայաստանի եւ Արցախի համար, նա կարողացել է ապահովել նախադրյալներ՝ հաղթանակներ կերտելու համար։ Բացի այդ, Վազգեն Մանուկյանին վստահելով ժամանակավոր վարչապետի պաշտոնը, ինչ որ կերպ վերականգնվում է նաեւ արդարությունը, քանի որ նա 96-ի ընտրություններում հաղթող թեկնածու էր, եւ Տեր-Պետրոսյանը նրանից խլեց հաղթանակը, հանգամանք, որի հետ կապված նույնիսկ Փաշինյանը նրանից ներողություն խնդրեց։

Որպես հավասարակշռված գործիչ, նա ընդունելի կերպար է քաղաքական դաշտի բոլոր խաղացողների հետ, չունի անձնական վատ հարաբերություններ այս կամ այն թեւի կամ բեւեռի հետ, նաեւ չի տառապում վրեժխնդրության մարմաջով եւ սա արդեն Փաշինյանի թիմի համար է նաեւ կարեւոր, որ ժամանակավոր վարչապետության շրջանը հաշվեհարդարի շրջանի չի վերածի, հասարակությանը չի պառակտի, սեւ-սպիտակ, կանաչ-դեղին, ներկա-նախկին չի բաժանի, այլ կփորձի միավորել բոլորին եւ լիցքաթափել լարվածությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար։

Եթե իրոք նա դառնա ժամանակավոր կառավարության ղեկավար, ապա բավական հետաքրքիր իրավիճակ կստեղծվի, որը նաեւ կդնի հիմքերը ապագա Հայաստանի, եւ կբացի ճանապարհներ՝ հաղթահարելու համար ներկայիս պառակտումները, կեղծ օրակարգերն ու միֆերը, նաեւ կվերականգնի դրական հարաբերությունները մեր ռազմավարական դաշնակցի հետ։