Վարկերի տոկոսների չգանձումը երեք ամսով կբերի...

ՀՀ ԱԺ-ում ընթանում են Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ հրավիրված «Վարկերի և ժամկետանց այլ պարտավորությունների նկատմամբ տույժերի, տուգանքների և վարկային տոկոսադրույքների կիրառման, դրանց համաներման և այլ վարկային հիմնախնդիրները ՀՀ բանկային համակարգում» թեմայով խորհրդարանական լսումներ։ Լսումների ժամանակ ՀՀ ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ խնդրահարույց վարկերի, դրանց նկատմամբ տույժերի ու տուգանքների հարցերը քննարկելիս պետք է նաև հաշվի առնել, որ  բանկերի ու ֆինանսական այլ շահառուների, այդ թվում՝ ավանդատուների և պատասխանատու վարկառուների թիվը մի քանի հարյուր անգամ գերազանցում է խնդիրներ ունեցող վարկառուների թիվը։

«Ինչպես ամբողջ աշխարհում, մենք էլ այն չափում ենք խնդրահարույց կամ չաշխատող վարկերի մեծությամբ, որը պատմականորեն տատանվում է բանկային համակարգի կողմից տրված ամբողջ վարկերի 5-7 տոկոսի շրջանակում: Համավարակից հետո ավելացել է ընդամենը մեկ տոկոսային կետով, և այս պահին գտնվում է 7 տոկոսի շրջանակում: Նշանակում է, որ վարկառուների առնվազն 93 տոկոսը գիտակցված և պարտաճանաչ կերպով կատարում է իրենց պարտավորությունները և դա վերցրել է որոշակի նպատակից ելնելով՝ էապես բարելավել իրենց բարեկեցությունը»,-նշեց  Երիցյանը: Նա նաեւ հավելեց, որ եթե երեք ամիս բանկերը տոկոսներ չգանձեն, ապա կսնանկանան, եւ պետությունն էլ կկանգնի լուրջ ֆինանսական խնդիրների առաջ։