Վարդան Ղուկասյանի որդին կկալանավորվի

Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, կկալանավորվի։ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է դատախազության բողոքը։

«Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է Դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը:

Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Միջնորդության քննարկման արդյունքում օգոստոսի 20-ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանն իր որոշմամբ մերժել էր միջնորդությունը՝ համարելով, որ թեև առկա է գործի քննությանը մեղադրյալի կողմից խոչընդոտելու ռիսկը, սակայն այն նվազ է, և մեղարդյալի պատշաճ վարքագիծը կարող է երաշխավորվել նաև անազատության հետ չկապված խափանման միջոցի կիրառման դեպքում՝ դա թողնելով վարույթն իրականացնող մարմնի հայեցողությանը:

Այս որոշման դեմ Շիրակի մարզի դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը և այսօր բավարարվել է», - գրել է Աբրահամյանը: