Վարդան Ղուկասյանի «պատիժը» չի ուշանա․ Փաշինյա...

Նոյեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել էր իր նախընտրական բառապաշարը և խոստացավ կրկին «փռել ասֆալտին և տալ պատերին»․««Եթե կան մարդիկ, այդ թվում՝ քաղաքական գործիչներ, այդ թվում՝ պատգամավորներ, որոնք մտածում են, թե այս հարցում կոմպրոմիսներ են լինելու և որոնք մտածում են, որ այս օրենքի հետ կապված կարող են  միջնորդավորված ձևով պատգամավորի սպառնալ, օրինակ, հարցի հարակից զեկուցողներին, ուղիղ ասում եմ՝ կպառկացնենք ասֆալտին: Հանկարծ մտքներով չանցնի, կպառկացնենք ասֆալտին և կտանք պատերով բառիս բուն իմաստով:  Որևէ մեկը չփորձի՝ նախկին կլինի, ներկա կլինի, որ, ասենք, հանրապետության երկրորդ քաղաքի կեսը թալանել ա, հիմա մտածի, թե կարա թպրտա: Թող ականջներին օղ անեն, իսկ եթե օղ չեն անի, այդ տեսարանները կտեսնենք»,- հայտարարել էր Փաշինյանը։

Վարչապետի ելույթից ժամեր անց նրա ընտանիքին պատկանող «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրեց, որ խոսքը վերաբերվել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանին, քանի որ ըստ թերթի պատգամավորը սպառնացել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին»։

Նոյեմբերի 14-ին արդեն իսկ պարզ դարձավ, որ Վարդան Ղուկասյանի դեմ իրավապահները գործընթաց են սկսել․

«Որպես օրենքի նախագծի հարակից զեկուցող հանդես գալու հետ կապված ԱԺ պատգամավոր Նազենի Բաղդասարյանի նկատմամբ սպառնալիքներ հնչեցվելու մասին տեղեկություններ պարունակող ԶԼՄ հրապարակումները Գլխավոր դատախազությունից ուղարկվել են Ոստիկանություն՝ դրանցում ներկայացված հանգամանքների կապակցությամբ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել էր ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Ըստ էության դատախազությունը անելու է ամեն բան, որպեսզի բավարարի վարչապետին և պատժի այն պատգամավորին, ով նրա բարկության պատճառն էր դարձել։