Վարդան Ղուկասյանի մասով քրեական վարույթ և ապօ...

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի մասով ապօրինի գույքի բռնագանձման հայցը ներկայացվել է դեռևս 2024թ․ օգոստոսին, դրանից ավելի վաղ նաև քրեական վարույթով դատարան ուղարկված մեկ այլ գործ կա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 25-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։

«2 տարբեր վարույթներ կան»,- հստակեցրեց Վարդապետյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի հարցին, թե հիմա շատերը փորձում են Վարդան Ղուկասյանի շուրջ պտտվող իրավական գործընթացները կապել նրա՝ Գյումրու քաղաքապետ ընտրվելու հանգամանքի հետ։

Նշենք, որ ապրիլի 1-ին էլ հայտնի դարձավ, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած Կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Հիշեցնենք, որ համացանցում հայտնված ձայնագրությունում ենթադրաբար Վարդան Ղուկասյանը սպառնում և պահանջում էր հավաքել մի շարք մարդկանց՝ նշելով, որ վերջիններս խնդիրներ են ունենալու: