Վարչապետը նկատի ունի հետևյալը՝ եթե իմ ուզած դ...

Կառավարությունը հունվարի 14-ին ընդունեց որոշում, համաձայն որի՝ ներդնում են մինչդատական վարույթների (կալանք, խուզարկություն և այլն) նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտ և կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների մասնագիտացում։

Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը պնդում է՝ երկու հարցերն էլ բացարձակապես քաղաքական դրդապատճառներ ունեն և որևէ լուրջ հիմնավորում դրանց տակ չկա։

«Ավելին, ես համարում եմ, որ սա կարող է բերել ոչ բալանսավորված դատական համակարգի։ Այնպես որ՝ իմ վերաբերմունքն այդ ամենին ոչ թե բացասական է, այլ՝ խիստ բացասական», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, թե պետք է երաշխավորված լինենք, որ այս նոր կարգավիճակում հայտնվող դատավորների անաչառությունը և անկաշառությունը որևէ կերպով կասկածի տակ չդրվի, այսինքն՝ կայացվեց որոշումը, բոլորն ի գիտություն ընդունեն, ոչ թե սկսեն քննարկել, թե ինչ քաղաքական կապ կա այդ որոշումների հետ, Հարությունյանն ընդգծեց՝ ցանկացած պարագայում, եթե դատավորը կայացրեց որոշում, դա պետք է ընդունել ի գիտություն։

«Առաջին քաղաքականացնողը հենց վարչապետն է, որը ժամանակին կազմակերպեց դատարանների արգելափակումը ու, կարծում եմ, այն, ինչ ասում է վարչապետն ու այն, ինչ անում է վարչապետը, դրանք, որպես կանոն, ուղղակի հակադիր են։ Նա ասում է հանրահայտ ճշմարտություն, որը վաղուց պետք է գործեր։ Բայց բանն այն է, որ վարչապետն ի նկատի ունի հետևյալը՝ եթե իմ ուզած դատավորը կայացնի որոշում, ապա դա կընդունեք ի գիտություն, իսկ, քանի որ դա իմ ուզած դատավորը չէ, կամ դատարանի որոշումն ինձ համար անընդունելի է, ուրեմն, այդ պարագայում, մենք պետք է քարկոծենք դատական համակարգը, պետք է արգելափակենք դատարանները», - ընդգծեց Արդարադատության նախկին նախարարը։