Վանեցյանը փորձե՞լ է ջլատել Քոչարյանի ուժերը

Դիմադրության շարժման կողմից Ֆրանսիայի հրապարակից վրանների հավաքման որոշումը քննարկումների նոր ալիքի առիթ դարձավ։ Իշխանություններն իրահրկե երջանկության գիրկն ընկան, այն համարելով իրենց հաղթանակը, իսկ ընդդիմությունը փորձում է կարծեք պատասխանատվությունը մեկմեկու վրա բարդել։

Առավել ակտիվ են նախկինում ընդդիմադիր հայացքներով հայտնի մի խումբ գործիչներ, որոնք պրոցեսներից դուրս են մնացել ու ակտիվորեն աջակցում են Նիկոլ Փաշինյանին՝ հարվածելով հիմնական ընդդիամդիր ուժերին ու գործիչներին։ Այս խմբերը վստահ են, որ Դիմադրության շարժման կողմից մարտավարության փոփոխությունը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարտությունն էր ու սա այն դեպքում, երբ շարժման մասնակից էր նաև ՀՀԿ-ն, Հայրենիք կուսակցությունը, ՀՅԴ-ն և Վերածնվող Հայաստան կուսակցությունը։ Այս գործիչները նաև ստեղծում են տպավորություն, թե ընդդիմության մի հատվածի, այս դեպքում Հայրենիքի առաջնորդ Արթուր Վանեցյանի խնդիրը եղել է ապրիլին փողոց իջնելով ստիպել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ժամանակից շուտ մտնել փողոցային պայքարի մեջ, որով կջլատվեր վերջինիս քաղաքական ռեսուրսը։

Տպավորություն է, թե այդ քննադատների թիրախում Քոչարյանն է, բայց իրականում նման մտքերի տարածմամբ առաջին հերթին թիրախավորում են Վանեցյանին։ Եթե մարդիկ հավատան այդ մքտերին, ապա կստացվի, որ Վանեցյանը ցանկանում է ջլատել Փաշինյանի ընդդիմադիր ամենամեծ դաշինքի առաջնորդի ուժերը, ինչը ակնհայտորեն Փաշինյանի շահերից է։

Արթուր Վանեցյանը այս վարկածը անհավանական է համարում։ Մեզ հետ զրույցում նա ասաց․ «Ես գիտեմ մի բան Նիկոլին օր առաջ պետքա քշել ու մեր բոլորի ջանքերը պետք է ուղղված լինեն դրան։ Իրար մեջ կռվելով, իրար մեղադրելով ինչ որ անհավանական վարկածներ քննարկելով մենք շեղվելու ենք մեր հիմնական նպատակից»։

Պետք է նկատել նաև, որ սրանից օրեր առաջ, երբ կրկին քննադատական ալիք էր ուղղվել դեպի Իշխան Սաղաթելյանը Արթուր Վանեցյանը հրապարակային աջակցության խոսքեր էր հայտնել նրան և կոչ արել չփորձել մեղավորներ նշանակել։