Վանեցյանի դիրքերը թուլացել են․ նրա մասով լուր...

Մենք արդեն գրել էինք, որ ընտրություններից հետո ընդդիմադիր դաշտում ամենածանր իրավիճակում հայտնվել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նախ իր ղեկավարած դաշինքը չկարողացավ անգամ անցողիկ շեմը ապահովել, իսկ երկրորդ դաշինքի ներսում իր քվոտայով պատգամավոր դարձան մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեն իր ղեկավարած կուսակցության հետ։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ կուսակցության շարքերը լքել է առանցքային դեմքերից մեկը՝ Արա Սահակյանը։ Նա նաև լրատվամիջոցներից մեկին պատմել է իր հեռացման պատճառների մասին։ Սահակյանի խոսքով, ինքը հեռացել է կուսակցությունից, քանի որ այն դարձել էր մեկ մարդու կուսակցություն․ «Արդեն չորս ամիս է որևէ կապ չունեմ «Հայրենիք» կուսակցության հետ։ Տարաձայնությունը վերաբերվում էր ընտրությունների նախապատրաստման ռազմավարությանը։ Արդյունքն էլ պարզ էր, որ ես ճիշտ էի, որ ընտրված ճանապարհը հեռացնում էր այն նպատակներից, որ մենք հռչակել էինք։ Հավանաբար այդ նպատակներն էին կեղծ եղել։  Հիմա ինչ կուսակցություն ստեղծում են՝ դառնում է ԲՀԿ։ Այսինքն դառնում է մի ղեկավարի, փողերը դնող մի ղեկավարի կառույց։ Դա քաղաքական կուսակցություն չի։ Ես համարում եմ, որ այն ոչ քաղաքական կազմակերպություն դարձավ»,- հայտարարել է Արա Սահակյանը։

Վանեցյանի դիրքերը թուլացել են նաև Ռուսաստանի Դաշնությունում, եթե նախկինում Կրեմլում համարում էին, որ նա լուրջ դեր կարող է խաղալ Հայաստանի ներքաղաքական կյանքում, ապա հիմա համոզված են, որ անհնար է ԱԱԾ նախկին տնօրենին վստահել լուրջ պրոցեսներում կարևոր դերակատարում։