Ուզում եմ հասկանալ՝ ինչ գործ ունեն ՔՊ ակտիվիս...

Այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում «Հանրակրթության մասին» օրենքի քննարկմանն ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ Երևանի դպրոցների կառավարման խորհուրդների կազմում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ կան:

«Ես ուսումնասիրել եմ Երևանի հանրակրթական դպրոցների կառավարման խորհուրդների կազմը և ապշել։ Պարզվում է, որ այս երկու տարվա ընթացքում լուրջ փոփոխություններ են եղել խորհուրդների կազմում, ներառվել են ՔՊ անդամներ, պատգամավորներ, նրանց օգնականներ, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամներ: Պարոն նախարար, ապշել եմ, որովհետև Դուք նախարար դառնալուց առաջ միշտ խոսում էիք այն մասին, որ դպրոցների կառավարման խորհուրդները կուսակցականացված են, և դա ճիշտ չէ, հիմա ինչպես հասկանանք ձեր այդ քայլը: Խնդրում եմ մի ասեք, որ դուք ուրիշ եք, նախկիների պես չէ, որովհետև կուսակցականը մնում է կուսակցական, քաղաքականը` քաղաքական»,- ասաց Սամսոնյանը` դիմելով նախարար Արայիկ Հարությունյանին: