
Սերժ Սարգսյանի իշխանության տարիների ընթացքում 50-60 հազար տոննա սպառազինություն անվճար տրվել է Հայաստան։ Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Բացի դրանից, կնքվել են պայմանագրեր, որոնցով իրենք մինչև հիմա հոխորտնում են: Համ պայմանագիրն ենք մենք կնքել, համ դրա վարկային միջոցներն ենք մենք ներգրավել, իրենց մի բան էր մնում, այդ թղթերի մեջ ոչ մի բանի ձեռք չտալ ու օրինակ, որ պայմանագրով նախատեսված էր ՀՕՊ համակարգեր, նախատեսված էր մի քանի հազար ԱԹՍ, որոնցից մի մասը Հայաստան էր ժամանելու 2020 թվականից առաջ, այ դրանք իրենք չպիտի փոխեին, բերեին այդ ՍՈՒ-երը, որոնք մարտագլխիկ չունեին, որոնք բերվում էին մարդկության պատմության մեջ մեջ ամենաթանկ սելֆիի համար»,-ասաց նա:
Նա հիշեցրեց, որ իրենց իշխանության տարիներին Հայաստան էր բերվել «Իսկանդեր» զինատեսակը. «Առհասարակ զենքի վաճառքի պարագայում գոյություն ունի end user agreement, որը ստորագրվում է և այդ պահից հետո զենքի կիրառումը հանձնվում է այն միավորին, որին վաճառվել է։ Այդ առանց պուլտ «Իսկանդեր» վաճառելը ծիծաղալու է, հո հեռուստացույց չի այդ անտերը, որ առանց պուլտ վաճառվի: Երկրորդ, ավելի լավ կլինի իրենք պատասխանեն, իսկ ու՞մ հանճարեղ մտքի թռիչքն էր, «Իսկանդերի» կիրառումը անել, ըստ մամուլի տեղեկությունների, Շուշիի վրա, այլ ոչ թե պատերազմի սկզբնական փուլերում, երբ «Իսկանդերը» իր մարտական խնդիրը ամբողջությամբ կլուծեր, երբ թշնամական զորքերը վերախմբավորման փուլում էին, առկա էր մեծ կուտակում մարդուժի և զինտեխնիկայի: Այդ պարագայում «Իսկանդերի» օգտագործումը շատ ու շատ ավելի արդյունավետ էր լինելու»,- ընդգծեց Մամիջանյանը: