Ucom-ը հաստատում է Հայաստանում Beeline-ի հետ...

Հայաստանում ֆիքսված և շարժական կապի ծառայություններ մատուցող հայկական «Յուքոմ» ՓԲ ընկերությունը հաստատում է կապի և ինտերնետ ծառայություններ մատուցող համաշխարհային առաջատար VEON Ltd. ընկերության հետ (NASDAQ և Euronext Ամստերդամ)` վերջինիս հայաստանյան բիզնեսը (Beeline ապրանքանիշ) վաճառելու հնարավոր գործարքի վերաբերյալ ներկայումս քննարկումներ վարելու փաստը: Այդ քննարկումները կարող են հանգեցնել կամ չհանգեցնել գործարքի կնքմանը: Այս մասին հայտնում են Յուքոմից:

Քանի որ շարժական կապի համաշխարհային շուկան փոխակերպվում է ձայնային ծառայություններից դեպի տվյալների փոխանցման ծառայություններ առաջարկող ընկերությունների, իսկ հայկական շարժական կապի շուկան բացառություն չէ համաշխարհային միտումներից՝ Ucom-ը շարունակաբար վերափոխվում է թվային ընկերության՝ նպատակ ունենալով մատուցել ծառայությունների ավելի լայն շրջանակ՝ իր ցանցի ծածկույթն ու որակն առավելագույնի հասցնելու միջոցով: Ակնկալվում է, որ հնարավոր գործարքը կհանգեցնի ավելի հաճախորդամետ առաջարկների մշակմանն ու ընկերության բարելավված ենթակառուցվածքի։ Առաջարկվող գործարքից բխող սիներգիան թույլ կտա Ucom-ին ներդրումներ կատարել նոր տեխնոլոգիաների և ցանցի հզորացման ուղղությամբ, մշակել ավելի լավ կոնվերգենտ առաջարկներ և գերազանցել շուկայի ակնկալիքները՝ հաճախորդներին մատուցելով ֆիքսված և շարժական կապի բարձրորակ ծառայություններ:

Ucom-ը կտեղեկացնի հետագա զարգացումների վերաբերյալ համաձայն Հայաստանի Հանրապետությունում ոլորտը կարգավորող իրավական ակտերի պահանջների: